Ասքանազ Մռավյանին, 1924, հունիսի 23, Վենետիկ
Ընկեր Ասքանազ,
Ես վաղուց ուզում էի քեզ գրել, բայց սպասում էի Վենետիկի` СССР պավիլիոնի բացմանը, որը վերջապես կայացավ ներկայությամբ Յուրինևի (Խորհրդային Միության դեսպան Հռովմում): Խորհրդային ուրիշ հանրապետությունների բացակա լինելը որոշ չափով դժվարացրեց մեր գործը, բայց ես կռվում էի, և վերջ ի վերջո, հաջողվեց մեզ ստանալ մի պատ, որի վրա մեր բոլոր նկարները կախ տվեցի և կատալոգի մեջ էլ հիշվեց մեր առանձին հանրապետության նկարիչներ լինելը:
/.../Մեր մասնակցությունը Վենետիկում ավելի, քան մենք կարծում ենք, ունի նշանակություն:
/.../Հայ գաղութները ակներև տեսան, որ կա Հայաստան, կա կուլտուրա, որ առաջներում շատ բարձր է եղել, խորհրդային իշխանության օրոք դուրս է հանվում, և վարագույրը բացվում է կրթված ժողովուրդների հետ կապվելու համար: Ես այսօր ինձ երջանիկ եմ զգում, որ իմ տարիների աշխատանքը չկորավ և Հայաստանը յուր դեմքով է դուրս գալիս հավասար ուժեղների հետ: Կուլտուրա ստեղծելու համար պետք է ոտների տակ ունենալ հող, ոչ թե անսահման տարածություն:
Գուցե տարօրինակ թվա քեզ այս պաթոսը, բայց Հայաստանում անկեղծորեն ստեղծագործողը ուրիշ կերպ չի կարող մտածել…