Հովսեփ Օրբելուն, 1945, սեպտեմբերի 4, Երևան
Սիրելի Հովսեփ Աբգարովիչ.
Ստացա Ձեր հեռագիրը, շատ ուրախ եմ, որ Ձեզ, Կամիլլա Վասիլևնային և պատմությամբ ու մշակույթով տարված բազում այլ մարդկանց շատ ուրախացրեց այս հայտնագործությունը: Սակայն դա միայն մի փոքր մասն է այն մեծի, որ ես հայտնագործեցի` դա Գառնի քաղաքի ավերակներն են:
Այսպես կոչված` Բաշ Գառնի գյուղի, կամ ինչպես հիմա են կոչում` Գառնին, ամենավերջին, նորագույն ժամանակներում տեղակայվել է հին քաղաք Գառնիի ավերակների վրա: Ես միայն զարմանում եմ, թե ինչպես է այս բանը վրիպել Ձեր, Ն. Յա. Մառի, Թորամանյանի և ուրիշ մեծ մարդկանց ուշադրությունից: Ես դա բացատրում եմ հայտնի տաճարի զարմանալի գրավչությամբ, որը հապճեպ ուսումնասիրման համար շատ հարմար օբյեկտ է: Մինչդեռ ողջ քաղաքի տարածքը` նույնիսկ քաղաքի իր ընդգծված պատմական հատկանիշներով, վրիպել է անգամ Ն. Յա.-ի պես հանճարեղ մարդու աչքից, որն առաջինն այդքան հստակ ու որոշակի կերպով առաջ քաշեց Առաջավոր Ասիայի ժողովուրդների` հիմնականում Հայաստանի մշակույթի ուսումնասիրման հարցն ու նշանակությունը:
Հնադարյան քաղաքի ամենից առաջ աչքի ընկնող գլխավոր հատկանիշները, դա Երերույքի տիպի բազիլիկայի ավերակներն են, որի հիմքն, ընդ որում, ավելի հին ծագում ունի, [շինված է] ավելի խոշոր քարերից, ինչպես ամրոցն ու տաճարը, իսկ վերևից ավելի փոքր մեծության քարեր են, բայց ավելի գեղեցիկ տաշված և ցեխով (ցեմենտով) շարված: Բազիլիկայի ավերակների մնացորդներն այնքան լավ են պահպանվել, որ շատ հեշտ է պարզել նրա բնույթը, գուցե նաև` ժամանակաշրջանը: