Լուսիկ Սարյանին 1937, մարտի 18, Մոսկվա
Սկսեցի իմ սարերից. մատիտը լավ ընկեր է նկարչի երևակայությունը զարգացնելու տեսակետից, նա նկարչին տանում է առաջ, ռեալիզացիայի ենթարկելով նրա մեջ եղած, ժամանակի ընթացքում կուտակված զանազան տպավորություններ և ապրումներ, միայն առիթ է պետք…, որ այդ ամբարների դռները բացվեն և միջի եղածը դուրս թափվի: Սարեր, այն սարերը, որ ոչ ոք մինչև ինձ, կամ այդպես, ինչպես ես, չեն նկարել, իհարկե, երբ որ գյուտը արվում է, դա դառնում է հանրային սեփականություն և ամեն մեկը օգտվում է: Բարձր սարերն իջնում են ներքև, կազմելով հովիտներ, ձորեր և դեպի տափաստան բերող գետեր, որոնք սկիզբ են առնում ձյունագագաթ սարերից. դաշտեր գույնզգույն, որոնք կրում են զանազան բույսերի գույներ, և այդպես ստացվում է գույների և ձևերի բազմազանություն: Հեռվում երևում է մի մեծ նոր քաղաք գործարաններով: Իսկ մոտակա դաշտերում տրակտորներ, ցույց տալու համար, որ գյուղացին արդեն մեքենայով է վարում հողը: Առջևում նորոգված ժողովուրդները դեռ իրենց ազգային սովորական աշխատանքն են կատարում, բայց շատ խորացած և ոգևորված` լի ապագա նոր կյանքի հույսերով, որ բերել է նրանց նոր իրավակարգը: Ամենաառջևում նստած 12 հոգի` Խորհրդային Միության զանազան ժողովուրդների ներկայացուցիչներ, գլխավորապես կանայք, իհարկե հայ, վրացի, ռուս, ուկրաինացի, ուզբեկ, թուրքմեն, խալի են գործում, կտորներ են կարում, խաղալիքներ են ներկում, բոլորը կենտրոնացած, ֆիգուրները առաջին պլանի վրա են. ահա պաննոյի բովանդակությունը: Առանձին բան չկա, բայց ամբողջությամբ օպտիմիստական ոգով է լցված թե' գույների, թե' ձևերի տեսակետից…