Ղազարոս Սարյանին , 1943, հունիսի 28, Երևան
Սիրելի Զարիկ, քեզնից նամակ ստանալով, մենք անմիջապես շփվում ենք քեզ հետ, քո հասարակ նամակներն ու խոսքերը մեզ համար անգին բաներ են, մենք սկսում ենք ուրախանալ երեխաների պես: Րոպեական երջանկություն է. ահա Զարիկը մեզ հետ է, ինչ երջանիկ ենք: Բայց նամակն ավարտվում է. դու նորից մեզնից հեռու-հեռու ես, նորից աչքներիս առջև ռազմաճակատն է, նորից մեր հերոսական Կարմիր բանակն է, նորից մեր հարազատներն իրենց կյանքի գնով պաշտպանում են մեր հանգիստը, մեր աշխատանքը, մեր կյանքը: Երկու տարին անցավ, սկսվեց երրորդը` պատերազմ, պատերազմ, պատերազմ…