Ռուբեն Դրամբյանին, 1937, հունվարի 31, Մոսկվա
Սիրելի Ռուբեն Գրիգորևիչ.
Ես Ձեզ անհանգստացրի Պուշկինին նվիրված իմ անավարտ նկարն ուղարկելու հարցով, այդ նկարը, կարծես թե, ժամանակին է տեղ հասել, բայց ինչ եղավ՝ չգիտեմ, քանի որ արդեն մի շաբաթ է, գրիպի բարդությունից վախենալով, տնից դուրս չեմ գալիս: Ներկայումս, ոչինչ, լավ եմ զգում, հույս ունեմ շուտով դուրս գալ, քանի որ գործեր շատ ունեմ, իսկ ուժերս քիչ են, ծերացե՞լ եմ, թե՞ իմ օրգանիզմ-մեքենան է արդեն մաշվում, բայց ներքուստ ես առույգ եմ, լի ամեն տեսակ ձգտումներով:
Դուք ինձ չեք պատասխանել, նույնիսկ չեք հայտնել, որ նկարը կամ էլի ինչ-որ ուրիշ բան ուղարկել եք, իհարկե, ոչ մի արդարացում Ձեզ չի փրկի, չեք պատասխանել և վերջ: Համենայն դեպս, Ձեզանից շնորհակալ եմ հոգատարության և անհանգստության համար: Դուք, հավանաբար, այժմ զբաղված եք պուշկինյան ցուցահանդեսի2 կազմակերպման գործերով, ղեկավարությունը քիչ բան է հասկանում այդպիսի գործերից, իսկ մտավորականությունն էլ մի կողմ է քաշված: