Սարգիս Սարյանին, 1950, հունիս, Երևան
Իմ թանկագին, անվերջ սիրելի, իմ հպարտություն, իմ Սարիկ.
Որքան երջանիկ եմ, որ քեզ նման հարազատ մարդ ունեմ, որը դժվար րոպեներին պաշտպանում է ինձ, թեև ես իմ ազնիվ աշխատանքով իմ գործի բնագավառում շատ բան եմ արել, խիստ կարևոր բան առաջադեմ արվեստի համար, լուծելով բուն կյանքի կողմից թելադրվող այս կամ այն խնդիրները […]:
Տարբեր թեմաներով, զանազան հոդվածների համար, տարբեր կազմակերպությունների կողմից ինձ շատ հաճախ են դիմում: Համարյա դրանց բոլորին ես պատասխանում եմ հազվադեպ բացառությամբ. չեմ սիրում կրկնվել, չեմ սիրում կեղծ մարդկանց, որոնք այսօր, ցավոք, մեր կյանքում, որքան էլ տարօրինակ չլինի, շատ ու շատ են […]:
Մի շաբաթ առաջ Մոսկվայից Երևան էր եկել գրող Ալեքսանդր Միխայլովիչ Դրոզդովը` կնոջ հետ: Նա ինձ խնդրեց, որպեսզի ՙԼիտերատուրնայա գազետա՚յի համար հոդված գրեմ Հայաստանի երիտասարդ նկարիչների մասին: Հոդված գրելը իսկական ցավ է: Ի՞նչ է պահանջվում այդպիսի հոդվածի համար: Ինչ ասես: Որևէ մեկին որքան էլ գովես` նրան քիչ կթվա, իսկ մնացած բոլորը կմտածեն, որ չափազանց շատ ես գովել նրան, իսկ իրենց` քիչ: Որևէ մեկին հայհոյել՝ կնշանակի, որ բոլորը, իհարկե, իրենից բացի, կասեն, թե քիչ են հայհոյել, բայց փոխարենն ինքն անձամբ քեզ թշնամի կդառնա ամբողջ կյանքում: Իմ հայրական խրատը` այդ զզվելի գործով չզբաղվել: Ստեղծագործիր՝ սա է լավագույնը: Մեկ հաջողությունն արդարացնում է հազար անհաջողություն: