ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 50 ՏԱՐԻՆ
Հիսուն տարի առաջ կատարվեց պատմության մեջ աննախադեպ մի ոճրագործություն, որին զոհ գնաց աշխատասեր ու շինարար հայ ժողովրդի արևմտահայ հատվածը: Թուրքական պետության ազգայնամոլ ղեկավարները, օգտագործելով նպաստավոր առիթը, երբ Արևմտյան Հայաստանի զենքի ընդունակ բոլոր տղամարդիկ կանչված էին բանակ և անպաշտպան էին մնացել կանայք ու երեխաները, ոտնահարելով մարդկային ամենատարրական ըմբռնումները, նենգորեն իրագործեցին հայերին բնաջնջելու նախօրոք մշակած ծրագիրը: Տղամարդկանց բանակում զինաթափ անելուց հետո մաս-մաս գնդակահարեցին: Պոլսի մտավորականությանը 1915թ. ապրիլի 24-ի գիշերը ձերբակալեցին, աքսորեցին երկրի խորքերը, խոշտանգեցին: Նույն ապրիլ ամսին սկսվեց անպաշտպան հայ ժողովրդի զանգվածային ջարդը. տեղահան արվեցին բոլոր հայերը, խլեցին նրանց ունեցվածքը և տարագրելով դեպի հարավ` ճանապարհներին կոտորեցին ամենաբարբարոս միջոցներով, չխնայելով ո´չ հիվանդներին, ո´չ հղի կանանց, ո´չ ծծկեր երեխաներին և ո´չ էլ զառամյալ ծերունիներին:
Պատմական Հայաստանի գեղեցիկ բնաշխարհը ներկվեց անմեղ հայերի արյունով: Հարյուր հազարավոր դիակներ օրերով մնացին անթաղ, դարձան գազանների կեր: Ամայացան տասնյակ հայաբնակ քաղաքներ, հազարավոր գյուղեր: Մարդասպանները կատաղի վայրագությամբ քանդեցին, ավերեցին, թալանեցին տարիների ընթացքում կառուցված տները, տնկված այգիները, մշակված պարտեզները: Գերեզմանատների վերածեցին վարդաստանները:
Անլուր ողբերգություն էր, որ կատարվեց մեծ պետությունների աչքի առաջ: Թաքուն չէր ոճիրը, գիտեր ամբողջ աշխարհը` մարդասիրությունից, մարդկայնությունից ճառող «քաղաքակիրթ» աշխարհը:
Զարմանալի կերպով փակ մնացին այդ պետությունների աչքերը և´ ոճիրի պահին, և´ նրանից հետո: Նրանք հանգիստ դիտեցին աշխարհով մեկ ցրված հայ գաղթականների տառապանքը, լսեցին նրանց հայրենաբաղձ ու արդարացի աղաղակները: Լսեցին ու լռեցին:
Ու հիմա, աշխարհի չորս կողմը ցրված հայերը նշում են մեծ եղեռնի հիսնամյակը, մատուցելով պատշաճ հարգանքը մոտ երկու միլիոն զոհերին, ուզում են միաժամանակ ամոթի խարանը դրոշմել այն մարդկանց դեմքին, որոնք իրագործեցին ոճիրը և մնացին անպատիժ:
Պետք է նշվի հայ ժողովրդի համար նվիրական այս պատմական օրը, նշվի երկյուղածությամբ ու մեծ հարգանքով, բայց ոչ լաց ու կոծով: Դա հայ ժողովրդին հատուկ չէ: Եղեռնը մեր ժողովրդի պարտությունը չէր, փոքրոգի, նենգ թշնամու բարոյական պարտությունն էր: Ապացույց` վերածնված այսօրը մայր հայրենիքում և գոյությունը Սփյուռքի, որն ամենադժվարին պայմաններում տոկում է, համբերում, պահում ազգությունը, լեզուն, պայքարում ձուլման դեմ, սպասում:
Պետք է գրվի մեծ եղեռնի մասին ամբողջ ճշմարտացիությամբ, թող աշխարհը մի անգամ էլ իմանա, թե ինչի են ընդունակ եղել բռնակալները: Պետք է ցույց տրվի, թե ովքեր էին զոհերը, ովքեր` ոճրագործները: Զոհն աշխատասեր հայ ժողովուրդն էր, որը պայքարում էր բնության դեմ, բնության նվաճման համար, ճանաչում էր իր լեռն ու քարը, սարն ու ձորը, բուսականությունը, ծնվել, ապրել էր այնտեղ, երբեք չէր մտածում արշավել ուրիշ ժողովուրդների վրա, կոտորել մարդկանց: Նրա մղած պատերազմները, սկսած Ավարայրի ճակատամարտից մինչ Մուսա լեռան քառասուն օրերը, մղվել են իր անկախության, ինքնուրույնության պահպանման համար: Կռվել է իր գոյությունը պահպանելու համար, ո´չ ուրիշների գոյությանը վերջ տալու, իր մարդկային արժանապատվությունը պաշտպանելու համար, ո´չ ուրիշների արժանապատվությունը վիրավորելու, իր ընտանեկան սրբությունը պահպանելու համար, ո´չ ուրիշների սրբությանը վնասելու: Հայ ժողովուրդը մշակույթ ստեղծող ժողովուրդ է եղել, հռոմեական լեգեոնների դեմ պայքարելու տարիներից իմացել է տաճարներ, պալատներ կառուցել, թատրոն հիմնել, բյուզանդական արշավանքներին դիմագրավելիս` ստեղծել է գրականություն, թուրքական և պարսկական բարբարոսական տիրակալության տարիներին անգամ մի կողմից տոկացել է թուրք ենիչերիների ու պարսիկ ֆարաշների սարսափներին, մյուս կողմից չի մոռացել մագաղաթների վրա դրոշմել իր իմաստությունը, այդ մագաղաթները զարդարել գունագեղ նկարներով: Իր համար չի ստեղծագործել միայն: Նրա հազարամյակների մշակույթն իր համամարդկային վեհ ձգտումով պատկանում է բոլոր ժողովուրդներին, ամբողջ մարդկությանը:
Հայ ժողովուրդն իր մշակույթով նպաստել է ետ մնացած ժողովուրդներին, այդ թվում հինգ-վեց դար իր վրա իշխող թուրքերին: Հարյուրավոր տարիներ գերազանցորեն հայ ճարտարապետներն ու շինարարներն են կառուցել Թուրքիայի պետական ու հասարակական կարևորագույն շենքերը, կոթողները, որոնք այսօր էլ զարդարում են հնօրյա Կոստանդնուպոլիսը և մյուս քաղաքները: Սկսած XVII դարից` մոտ երկու հարյուր տարի մեծ մասամբ հայերն են եղել արքունի ճարտարապետները, նկարիչները, մանրանկարիչները, արվեստագետ ոսկերիչները: Հայերն օգնել են տպագրության գործի տարածմանը Թուրքիայում, եղել են թուրքական տպագրական տառերի բարեփոխողները, հիմնել են թատրոններ, նպաստել երաժշտության զարգացմանը: Հայ ժողովուրդը շատ բան է կատարել այդ երկրի բարգավաճման, մտավոր վերելքի համար: Իսկ ինչո՞վ են հատուցել թուրքական իշխանավորները դարավոր մշակույթ ունեցող ժողովրդին-տևական կոտորածներով, ջարդերով, թալանով: Մնում էր միայն դիմել ինքնապաշտպանության: XIX դարն ազատություն բերեց թուրքական գերիշխանության տակ տառապող բազմաթիվ ժողովուրդների` հույներին, սերբերին, բուլղարներին: Հայ ժողովուրդն ի վերուստ ստրուկ մնալու սահմանված չէր: Նա էլ դիմեց ազատագրական պայքարի, ցանկանալով իր հայրենիքում ազատ ապրել, զերծ մնալ տևական հալածանքներից: Զեյթունից (1862) մինչև Սասուն (1895), մինչև Մուսա լեռ (1915) այդ պայքարի շղթաներն են, ազատաբաղձ մի ժողովրդի արդարացի ընդվզումը բարբարոս գերիշխանության դեմ: Հայկական այդ հուզումները հպարտությամբ միայն կարող են լցնել մեր ժողովրդի սիրտը: Դրանք նրա հայրենասիրական նկարագրի, տոկունության արտահայտություններն են: Բուսական ու կենդանական աշխարհն անգամ ունի ինքնապաշտպանական բնազդը, պայքարում է իր գոյության համար. մարդը, բնության գերագույն էակը կարող է զրկված լինել այդ տարրական իրավունքից:
Անհավասար կռվում ընկավ հայ ժողովրդի մի մեծ հատվածը: Թուրքական յաթաղանից փախած ու Կովկաս թափված հազարավոր մարդկանց ես տեսել եմ Էջմիածնի ու Երևանի փողոցներում - կանայք, երեխաներ, կմախքացած, մարդկային կերպարանքը փոխած դժբախտներ, որոնց համաճարակը հնձում էր ահավոր սաստկությամբ: Հիսուն տարի է անցել այդ մղձավանջային օրերից, բայց այժմ էլ դեռ տեսնում եմ ոսկրացած այդ մարմինները Էջմիածնի պատերի տակ:
Ո՞վ էր պատասխանատուն այս ահռելի ոճիրի: Անշուշտ, երիտասարդ թուրքերի ղեկավարները և նրանց մեծ խորհրդատու կայզերական Գերմանիան: Բայց պատասխանատու են նաև այն պետությունները, որոնք հանգիստ դիտեցին մի ժողովրդի ողջակիզումն ու մարտիրոսագրությունը: Օգնության կանչող ձայները, մարդասիրական կոչերը մնացին անարձագանք, ձայն բարբառո հանապատի: Պետություններ, քաղաքական գործիչներ, որոնք երբեմն աղմուկ էին բարձրացնում անգամ առանձին անհատների սպանության առիթով, անտարբեր մնացին մի ամբողջ ժողովրդի ողբերգության հանդեպ, և ոչինչ չձեռնարկեցին մեծ ոճիրը կասեցնելու համար:
Հակառակ մանկասպանների երազների` չմեռավ հայ ժողովուրդը: Նա իր վերածնված հայրենիքում մի քանի տասնամյակում այնպիսի զարթոնք ապրեց, որ հազվադեպ է մարդկային պատմության մեջ, բայց ապրելով ու վերածնվելով, նա իր սրտի խորքում միշտ պիտի պահի երկու զգացմունք` իր արգահատանքը նրա արյունը թափող, այդ արյունը սակարկող պետությունների նկատմամբ և հարգանքը հայրենիքի, սեփական մշակույթի, ժողովրդի պահպանման համար ընկած մարդկանց նկատմամբ, այն ազնիվ, աշխատասեր գեղջուկների, որոնք քրտինքով պարարտացված հողին խառնեցին իրենց մաքուր արյունը: Հայ ժողովուրդն իր սրտում վառ պիտի պահի նահատակված հազարից ավելի այն մտավորականների հիշատակը, որոնք ծնվել էին հարազատ ժողովրդի ծոցից, սնվել նրա դարավոր իմաստությամբ և մաքառում էին նրա ապագայի համար: Այս մեծ սուգը միայն հայերի սիրտը չէ, որ մորմոքում է, այլև այն բոլոր ժողովուրդների, որոնք գիտեն հարգել ժողովուրդների ազատությունը, արժանապատվությունը: Նրանք մեզ հետ միասին, մեր չափ, անկեղծորեն հուզվում են ու վերապրում այսօր` պատմության մեջ աննախընթաց այս մեծ ու ահավոր ոճիրը, որը չպետք է թույլ տալ որ կրկնվի, երբե´ք և ո´չ մի տեղ:


Մարտիրոս Սարյան
1965

ԴԵՊԻ ԱՆԻ

Զարթիր վերջապես և քեզ նայիր...
Սթափվիր, գուցե դու ավելի գեղեցիկ ես, քան կարծում ես...


Արևն արդեն կապույտ սարի ետևն էր իջնում՝ իր վերջին դողդոջուն շողերը դեպի երեկոյան մթնշաղով պատած հովիտներն ուղղելով:
Բարձունքների վրա ոչխարների հոտերն էին շրջում:
Արևը պահվեց:
Գնացքը մեզ թողեց հայաբնակ փոքրիկ Պուղտաշեն գյուղի մոտ:
Երկնքի մյուս ծայրում լուսինը երևաց մաքուր ու պայծառ և իր մեղմ, արծաթափայլ լույսով ծածկեց մոտակա բլուրները, գյուղը և փողոցներում շրջող բնակիչներին:
Մենք մտանք գյուղական մի աղքատ, մռայլ ու սեղմված խրճիթ, որտեղ այնքան մութ էր, որ ես ոչինչ չէի կարողանում նշմարել և միայն իմ ողջույնիս լսեցի ծանր արտասանած պատասխան:
Մի քանի րոպեից ես պարզ նկատեցի անկյունում մի կռացած, ալեզարդ ծերուկ, որը խաղաղ սպասում էր իր միակ սփոփանքին, որի անունն է՝ մահ: Նրանից մի քիչ հեռու մայրը սև, լայն ու գիշերվա նման հմայիչ աչքերով օրորում էր իր երեխային:
Ծերուկը ծանր շնչեց, կարծես մի բեռ ձգեց իր ուսերից և նայեց երեխայի կողմը:
Երեխան լաց եղավ ու լռեց:
Կարծես լսվեց արհավիրքի թեթև շրշյուն, որ սլացավ մարդկանց գլուխների վրայով, ես զգացի պատահաբար հանդիպած հոգիների դառնակսկիծ ողբը:
Օրորոցը դանդաղ շարժվում էր. մանուկը քնել էր տարված շողերի ցոլքի նման մաքուր երազներով:
Շուրջը ամեն ինչ խաղաղ էր, երբ մենք հեռանում էինք արդեն քնած գյուղից: Մեր առաջից գնում էր մեր ուղեկիցը, իսկ մենք ձի նստած հազիվ էինք նրան հասնում: Ես ինձ շատ անհարմար էի զգում, անսովոր լինելով ձի հեծնելու, բացի դրանից էլ փայտե թամբը ձիու կռնակին ամրացրած չլինելով և ամեն րոպե այս ու այն կողմն էր ընկնում:
Լուսինը երկնքում ծիծաղում էր. աստղերը ցած էին իջնում ու նորից երկինք բարձրանում: Քանի գնում ցուրտը սաստկանում էր և լեռային պաղ քամին ուղիղ երեսներիս էր փչում: Թվում էր, թե ձին փոխանակ առաջ գնալու հետ էր գնում, շուրջս լեռները կարծես պարում էին:
Լուսինը սկսեց քրքջալ. ցուրտ էր: Աչքերս ոչ բացվում էին, ոչ փակվում, նրանց մեջ արտացոլում էր շրջակայքը և հետո կորչում. ոչ քնած էի, ոչ արթուն: Ես պինդ փաթաթվեցի ձիուս վզին:
Լուսինը շարունակում էր քրքջալ և ցատկոտելու, վերջապես, չկարողանալով զսպվել, ուշացած ցած գլորվեց:
Ես ինձ թեթև զգացի և երբ բացի աչքերս, տեսա որ նա նորից հանգիստ փայլում է երկնքում, իսկ մոտս ուղեկիցն է կանգնած: Բախտի բերմամբ ես անվնաս մնացի ու ճանապարհիս մնացած մասը ոտով շարունակեցի:
Հազիվ–հազ հասանք գյուղ, ուր գյուղացիները մեզ տաք թեյով հյուրասիրեցին: Մնում էր դեռ գետն անցնել և հասած կլինեինք մեր նպատակին:
Այստեղից արդեն մեզ մի ուրիշը ուղեկցեց. նա տարավ մեզ մի կիրճի միջով, որի խորքում, փայլուն ժապավենի նման աղմկահույզ Ախուրյանն էր ոլորապտույտ սողում:
Որքան ձորի խորքն էինք իջնում, այնքան էլ ավելի երկու կողմից նրա սև ոլորապիրկ կողքերն էին աճում: Վերևն երևում էր աստեղազարդ երկինքը, խաղաղ, անհուն և հավերժալուռ, իսկ ոտներիս տակ՝ ձորի խորքում, գեղեցկության սիմֆոնիա հորինելով փրփրացայտ ջուրը զարնվում էր քարերին և հետ մղվում անզոր ու տկար:
Ահա մենք ձորի հատակն իջանք: Մեր նավակը սահում է գետի վրայով արագ հոսանքով տարվելով դեպի գետի մյուս ափը:
Մութ է:
Մեր ուղին կտրող վիթխարի քարերի մոտից պտույտ անելով, մենք նեղ շավղով բարձրանում ենք վերև ու վերև: Ուղիղ մեր առաջը ուրվականների նման սկսում են գծագրվել սիգապանծ ավերակներ:
Կիսակործան աշտարակների վրայով թռչում էր հեքիաթը, շարժելով իր լայնարձակ թևերը...Մենք քաղաքն ենք անցնում փոքրիկ ծակի միջով, որ հսկայական պարսպի մեջ է փորված:
Լուսինը ժպտում է... հոգնածությունից ոտներս ծալվում են: Ես մրսում եմ և քաղց եմ զգում:
Լուսինը դողում է... Մենք մոտեցանք մի դարպասի, որի ետևից շների բարձրաձայն հաչոց էր լսվում: Դարպասը բացվեց և իր խրճիթի շեմքին մեզ ընդունեց մի բարի դեմքով վարդապետ: Նրա մոտ կային մի քանի հյուրեր:
Կուշտ ընթրիքից հետո ես հոգնած ընկա մահիճ և, երևի, խոր կքնեի, եթե միջատներն ինձ հանգիստ թողնեին: Երևի նրանք էլ սոված էին:
Առավոտը կարմիր արևն էր ծնվում: Ոսկեզօծ լեռների գագաթներն արդեն ողջունում էին նորածին լուսարփիին, իսկ Անիի լքված ավերակները, առավոտյան մառախուղի շղարշի միջից տխուր ու տրտում ինձ էին նայում:
Ամեն ինչ այնպես լուռ էր ու խաղաղ, որ կարծես, թե այս տեղերով երբեք չի սլացել քայքայման կատաղի մրրիկը, մինչդեռ շուրջդ անցյալի հիշատակարանների վրա ամեն տեղ հուսահատության հետքեր էին երևում, այն ահռելի ճչի հետքերը, որ սարսափահար փախչող մարդկանց սրտերից էր դուրս թռչում:
Այստեղ էլ մի ժամանակ ծաղկում էր այն շքեղ բազմերանգ ծաղիկը, որի անունն է կյանք: Սա մի անգին, բայց մոռացված անկյուն է, որն իսկապես արժանի էր ավելի լուրջ ուշադրության: Սակայն ինչ՞ է իրականությունը...
Անին օտարազգի գիտնականների ուշադրությանն էր արժանացած՝ մինչդեռ իր տիրոջից մոռացված է... Եվ այդ մոռացության մեջ զգում ես վիրավորական հեգնանք այն ժողովրդի գիտակցության հասցեին, որն ունեցել է անցյալում այդպիսի հարստություններ և մինչ այսօր չգիտե իր պատմական սրբությունները գնահատել ու սիրել:
Ամբողջ դարեր են անցել այդ աշտարակների, պարիսպների, տաճարների վրայով, անթիվ գնդակներով ու նետերով են վիրավորել այդ հսկաները... Բայց ժամանակն ավելի անգութ է: Նա անշշուկ, սակայն և անընդհատ, քայքայում է այդ անխնամ թողնված դարևոր հուշարձանները:
Այն, ինչ որ մարդիկ չեն կարողացել քանդել, ժամանակն է լրացնում: Կգա՞ արդյոք այն օրը, երբ թանկագին բեկորները միացնող ու խնամող կգտնվի և ապագա սերնդին վկայական կթողնե Անիի անցյալ փառքից...
Էջմիածնում կա մի հարուստ թանգարան, անհրաժեշտ էր մի այդպիսի թանգարան էլ Անիում հիմնել:
Մենք լուռ շրջում ենք: Ահա դարպասի վրա մի խորհրդավոր բարիելյեֆ՝ կենդանիների հզոր և գեղեցիկ թագավորը - առյուծը, որ այժմ միակ պահապանն է այն քաղաքի ստվերին, որի դռներն ամենքի համար բաց են:
Ահա և ահագին պարսպի մի բեկոր, նա հազիվ է կանգնած, կարծես թե օդում կախված լինի, չորս կողմը խորին լռություն է տիրում, բայց արդեն զգում ես, որ մոտ է այն ժամը, երբ այն բեկորն էլ ահագին դղրդոցով գետին է փռվելու, լցնելով օդը քարե հառաչանքներով:
Ահա և արաբական արձանագրություններով զարդարված մի աշտարակ: Նա զատվում է մյուս շինություններից. նրանում արդեն մի ուրիշ ժողովրդի երգն է զգացվում: Ժողովրդի, որն ով՞ գիտե, թե ինչու թողնելով արաբական անապատները, այստեղ - Հայաստանի լեռներն է եկել...
Իսկ ներքևում գետն է երևում: Նա անդադար աղմկում է և ցերեկը, և գիշերը, և արևի լույսին, և լուսնի աղոտ շողերի տակ...
Ախուրյանի միապաղաղ աղմուկից օրորված, ես նստած էի ժայռի գագաթին ու միտս ընկան բանաստեղծ Լևոն Մանվելյանի խոսքերը.

Բայց լուռ չէ միայն հեգ Ախուրյանը
Եվ գիշեր ցերեկ նա ողբ է ասում.
Նա դեռ հիշում է իր հին օրրանը
Եվ հուսահատված ափերին զարնվում:
Զարնվում է ափերին ու համբույր տալով
Կոծով վազում է հարազատ վայրից
Նման խեղճ այն մոր, որ հեկեկալով
Դառնում է միակ որդու շիրիմից:
Թեև պրոֆեսոր Մառը ավերակ շինություններից մեկը հարմարեցրել է թանգարանի, բայց դա խանգարում է այդ շենքի տպավորությանը: Կարևոր է առանձին հատուկ շինություն կառուցանել, այն էլ դուրսը, դարպասի մոտերքում: Ավելորդ չէր լինի և մի հյուրանոց շինել եկվորների համար:


Մարտիրոս Սարյան
«Նոր կյանք», Նոր Նախիջևան, 4-օգոստոսի
Թարգմ. Ալ. Մյասնիկյանի


ԷՋՄԻԱԾՆԻ ՏԱՃԱՐԻ ՌԵՍՏԱՎՐԱՑԻԱՅԻ ԱՌԻԹՈՎ

Էջմիածնի տաճարի ռեստավրացիայի գործը առաջ տանելու համար գոյություն ունի մի մասնաժողով, որ շատ ժամանակ չէ, ինչ սկսել է իր գործունեությունը: Ի նկատի առնելով նրա գործունեության առաջին քայլերը, կարելի է հաստատ ասել, որ նա, եթե այդպես շարունակե աշխատելու, անշուշտ քայքայման գործը, փոխանակ այն ուղղելու, մինչև վերջը կտանե:
Ինչ է անում այդ մասնաժողովը: Նա նախ և առաջ որոշել է մաքրել տաճարի գմբեթի ներկը՝ քերելով կտուրի երեսը, և որովհետև սա ծածկված է եղել յուղով, որ լցրել է քարի (տուֆ) ծակոտիները, ու ապա ներկված ոչ այնքան գեղեցիկ կարմիր ներկով, ինչպես ականատեսն է պատմում, այժմ այդ մասնաժողովի կողմից կարիք է զգացվել այդ քարի բավականին նկատելի շերտը քերել ու հանել:
Բայց գործին ձեռնարկողները սրանով չեն բավականացել: Ռեստավրացիայի այդ ինքնօրինակ ձևը նրանք գործադրում են և տաճարի բոլորակի (ռուսները ասում են барабань) վրա: Վերջինիս ծեփն ու ներկը վերացնելով նրանք անցել են քարին, որի երեսին, որքան ես գիտեմ, պահպանված է ոչ միայն գունագեղ օրնամենտացիան, այլև ինչ որ արձանագրություններ: Եվ այսօր ականատեսից իմանում եմ, որ տաճարի բոլորակի մի մասը արդեն միանգամայն ոչնչացված է: Ինչով է տարբերվում այս արարքը այն վերաբերմունքից, որ մի ժամանակ գեղարվեստի մեջ տգետին մեկը կատարել է տաճարի ներսի ֆրեսկերի վրա: Անհրաժեշտ է, որպեսզի մասնաժողովը իսկույն ևեթ ուղղե իր խոշոր սխալը՝վերականգնելով բոլորակի կործանված մասը և պահպանելով գմբեթի քարի (տուֆ) գույնը: Այստեղ հասկանալի է, որ ամեն միջոց պետք է ձեռք առնել, որպեսզի խոնավությունը տաճար ներս չմտնի, որպեսզի չվնասվեն ֆրեսկերը:
Իսկ ինչ պիտի լինի ընդհանրապես մասնաժողովի գործը, որպեսզի նա կարողանա ծառայել Էջմիածնի տաճարի ռեստավրացիայի նպատակին:
Նախքան գործին կպչելը՝ մասնաժողովը պարտական է երկու բան նկատի ունենալ՝
1. ռեստավրացիայի զուտ գեղարվեստական ու
2. նրա տեխնիկական կողմերը, որոնք պետք է իմանալ համաձայնեցնել իրար հետ:

Մասնաժողովը չի կարող վերցնել իր վրա տաճարի ռեստավրացիան, որպես ճարտարապետական ձևերի ընդհանուր ու մասնավոր փոփոխություն, նույնպես և ֆրեսկային նկարչության վերականգնումն և օրնամենտիստիկա և արտաքին նկարազարդություն, որովհետև այդ ամենը անհնար է իրագործել հենց գեղարվեստական տեսակետից: Կարելի է ասել, որ այժմ Եվրոպայում այդօրինակ ռեստավրացիա գոյություն չունի. ռեստավրացիան այսօր վերածվել է մի բանի - եղածը պահպանել ոչնչացումից:
Այսպիսով, մասնաժողովի նպատակը պիտի լինի, նախ՝ եթե կա կարիք տաճարի ընդհանուր և մասնակի կործանման առաջը առնել տեխնիկական միջոցներով: Երկրորդ՝ ֆրեսկային մասնագետի ձեռքով աշխատել վերականգնել տաճարի ներսի փչացված ֆրեսկերը, ամենևին ձեռք չտալով բոլորակի ներսում գտնված հայկական մանրանկարչության հիանալի օրնամենտալիստիկային, և երկրորդ՝ խոնավության կտրից տաճարի ներսը անցնելու դեմ:
Այստեղ ավելորդ չեմ համարում ավելացնել, որ լավ կլիներ, եթե հեռացնեին տաճարի ներսից այնտեղ կախված պատկերները՝ վերածնության ոճով, որոնք ոչ մի առնչություն չունեն տաճարի ընդհանուր ոճի հետ:
Մարտիրոս Սարյան

Հ.Գ.
Առիթից օգտվելով հարկ եմ համարում հայտնել հետևյալը: Ի նկատի ունենալը հրաշագեղ հնությունների վերին ծայր ողորմելի ու անկյալ վիճակը, նրանց ոչնչացումը, կորուստը և նույնիսկ կողոպուտը, Մոսկվայում կազմակերպում է հայկական հնությունների պաշտպանության ու պահպանման մի ընկերություն, որի նպատակն է այդ հնությունների ու նրանց նվիրված հնադարանների պահպանությունն ու ճոխացումը: Այս դժվար, միևնույն ժամանակ բարձր կուլտուրական նպատակը, որ բացի համամարդկային նշանակություն ունենալուց՝ նշանակալից է և հայ կուլտուրայի համար, ես համոզված եմ, հասարակության կողմից եռանդուն համակրություն ու ջերմ աջակցություն կստանա:


Մ. Սարյան
«Էջմիածնի տաճարի ռեստավրացիայի առիթով»,
«Մշակ», Թիֆլիս, 1914թ.


ՀՈՒՇԵՐ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ

Գեղարվեստը մարդկային հարստություն է: Նա մի հայելի է, որի մեջ անդրադառնում և, կարծես հավիտենական տպավորվում են մարդու հոգեկան արտահայտությունները: Եթե մի ազգ մեռնում է, նրա գեղարվեստը ապրում է և այնուամենայնիվ իր կնիքը դրոշմում ինչ որ քարերի վրա, որ՝ իբրև առանձնահատուկ էակներ, ընդունակ են ապրելու, ինչպես մարդկային շունչն ու հոգին:
Դառնանք դեպի այն հնագույն վայրը, որտեղից մեր գեղարվեստը իր սկիզբն է առնում: Այդ վայրը ամենահանճարեղ եգիպտական ժողովրդի երկիրն է: Այդ ժողովուրդը, որ այնպես լավ էր ըմբռնել աշխարհի ամբողջ ամբավությունը և անհունության մեջ ցրված մոլորակների ամենամեծ բոլորակաշրջանները, աշխատում էր իր հուշարձաններին տալ ամենապարզ և հաստատուն կաղապարներ, որ կարողանային դարեր ապրել:
Ես խոսում եմ բուրգերի մասին:
Որքան պարզ ու վսեմ են:
Ի՜նչ մեծ սարսուռ է տիրում ձեզ, երբ դուք կանգնած եք լինում ահագին քարե սֆինքսի առաջ: Դա իրոք, կարծես, հավիտենական առեղծվածի մի խորհրդանշան լինի, որ իր քարե հայացքով ոչ սկիզբ ունի անցյալում, և ոչ էլ վախճան ապագայում:
Ես ավելին կասեի՝ դա մի հավիտենականության հուշարձան է. ճիշտ որ, խորհրդավոր է ասված: Ինչպես ուզում եք, բայց այդ այդպես է:
Ահա և երջանկավետ Էլլադան: Կանաչազարդ լեռների ու ծաղկափթիթ հովիտների այդ հարուստ միֆական երկիրը, որտեղ անտառներում ֆավներն են հավերժահարսների սրահնչյուն աղաղակներով օդը թնդացնելով արբած շրջակայում, որտեղ տրիտոններն ու նայադները ծովից դուրս գալով խաղում են արեգակի ոսկեգույն շողերի տակ:
Հոմերոսի, Ֆիդիայի, Պրակսիտելի այդ երկիրը ժողովրդական վառ երևակայության մի փարթամ բնություն ունի: Ես կասեի՝ Հունաստանը սիրո երկիրն է, որ բոլորովին հակապատկերն է անապատ, ավազուտ ու մեռելային բնություն ունեցող Եգիպտոսի:
Գալիս է սիրո ու խաղաղության քարոզը բերնին, մի նոր տարեշրջանի ներկայացուցիչ Քրիստոսը, որի հետևորդները ենթարկվում են անողոք հալածանքների ու չարչարանքների: Իջնենք դեպի ստորերկրյա խավարտչին նկուղները, կատակոմբները, որտեղ պատսպարվում էին հալածիչների ձեռքից փախչող քրիստոնյաները և կատարում իրանց աստվածպաշտությունը: Այստեղ ապաստան է գտնում քրիստոնեական գեղարվեստը: Նա այստեղ կատակոմբների մռայլ անկյուններից կոպիտ, անգույն կերպով նայում է ձեզ, բայց երբ արդեն նա լույս աշխարհ է դուրս գալիս, ամբողջ թափով ցույց է տալիս իր շլացուցիչ փայլը:
Կատարյալ ազատություն է տրվում նկարիչներին ու ճարտարապետներին, որոնք այնքան լայն կերպով օգտվել են այն բոլոր նյութերից, որոնք գտնվում էին նրանց ձեռքին, ինչպես օրինակ՝ մոզաիկան ու ոսկին:
Երբ վայրենի թուրքերը առին Կոստանդնուպոլիսը, ս. Սոֆիայի տաճարը, շնորհիվ իր փառահեղության, խնայեցին և մզկիթի վերածեցին, որի ձևով շինեցին նաև իրանց մյուս մզկիթները:
Ոճրագործ թուրքերը սվաղեցին այս տաճարի գեղանկարչությունը, բայց նա բոլորովին չոչնչացավ: Այսօր մենք ունենք այդ հարուստ գեղանկարչության պատճենը, որ կազմել է մի եվրոպական նկարիչ:


(շարունակելի)
Մարտիրոս Սարյան
«Նոր կյանք», Նոր Նախիջևան, 24 սեպտեմբերի,1906, № 13


Հուշեր գեղարվեստի մասին
(Շարունակություն)


Այսքանը բավական է: Դառնանք այժմ հայ արվեստին, որն այնքան շատ հալածանք է կրել, ինչպես և ինքը ժողովուրդը: Բայց չնայելով այդ բոլորին, հայերն այնուամենայնիվ իրենցից հետո կարողացել են թողնել բազմաթիվ՝ նույնիսկ սքանչելի հուշարձաններ:
Ի՜նչ կլիներ արդյոք, եթե այդ ժողովուրդն ազատ և անկախ ծաղկեր ու զարգանար:
Կռապաշտական շրջանում մենք ունեցել ենք մեր առանձին պաշտամունքն ու արվեստը, որից դժբախտաբար մինչև այժմ մեզ ոչինչ կամ չնչին բան է հասած: Զարմանալին այն է, որ մենք շնորհիվ ինչ որ հանգամանքների կարողացել ենք միանգամից ոչնչացնել այն ամենը, ինչ ստեղծած է եղել կռապաշտությունը քրիստոնեությունից առաջ, և այժմ, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մենք համարյա չգիտենք մեր կռապաշտ նախնիքներին:
Արվեստի տեսակետից քրիստոնեական շրջանը ավելի ևս հետաքրքրական է. օրինակ, ճարտարապետության մեջ հայերը կարողացել են մտցնել ինքնուրույն շատ տարրեր՝ հասկացողություններ: Այստեղ մենք պատահում ենք, հպարտությամբ եմ ասում, հայկական ոգու ստեղծագործության կամ ըստ ճարտարապետության լեզվի՝ հայկական ոճի հետ:
Եթե մենք որևէ բան վերցրել ենք ուրիշ ազգերից, այդ բոլորովին կույր նմանողությամբ չի եղել: Ընդհակառակը, փոխառությունն այնքան է ենթարկվել ազգային ոգուն, որ սեփական արտադրություն է դարձել: Կան շատ այնպիսի գիտնականներ, որոնք կարծես միշտ տրամադրված են մեր այդ հին արվեստի արտադրությունների մեջ միայն ուրիշ ազգերի նմանողություն տեսնել: Երբեմն նրանց գրվածները կարդալիս այն տպավորությունն ես ստանում, որ կարծես թե մենք՝ հայերս, միայն նմանողությամբ ենք պարապել: Այս եգիպտական ոճ է, այն պարսկական, մավրիտանական, ռոմանական, գոթական, բյուզանդական, Տիբեթի, փոխանակ պարզ և շիտակ ասելու հայկական ոճ:
Եվ վերջապես Հայաստանն էլ այնքան հարուստ երկիր չէր, որ կարողանար վերոհիշյալ երկրներից տաճարներ կառուցելու համար վարպետներ բերել տալ, և ես կարծում եմ, որ հայ ժողովուրդն ինքն է շինել իր տաճարները իր նրբաճաշակ արհեստավորների և կամ իր ճարտարապետների ձեռքով:
Ամենից շատ մեր քրիստոնեական շրջանի արվեստի վրա կարող էր ազդել Բյուզանդիոնը, ուր ճարտարապետությունն ու նկարչությունը իրենց գագաթնակետին էին հասած:
Բագրատունյաց մայրաքաղաքը՝ հրաշագեղ Անին իր հոյակապ ավերակներով այժմ վշտահայաց նայում է մեզ արտահայտելով այն մարդկանց ոգու վսեմությունը, որոնք շինել, ստեղծել են արվեստի այդ հրաշալիքները: Այո, նրանք բոլորն էլ խոսում են, բայց խոսում են ոչ թե մարդկային լեզվով, այլ հազիվ լսելի ձայնով, տարօրինակ մի բարբառով, հարուստ փարթամ տաճարներից սկսած մինչև խղճուկ քարայրերը, որտեղից Քրիստոս իր լուսաճաճանչ դեմքով նայում է ձեզ վրա:
Բայց մեզանում չգիտեմ ինչու այդպես հալածվում է գեղարվեստը, այդ ժողովրդի երևակայության մեջ առնող պատկերների արտահայտության ամենաուժեղ լեզուն: Գեղարվեստի փշրանքները խնամելու և պահպանելու համար չենք աշխատում: Օրինակ, այնպիսի մի կենտրոնում, որպիսին է Էջմիածինը և ուր ապրում է մեր ազգի պետը՝ Կաթողիկոսը, չպահպանեց վանքի այն հին ձևը, նկարչությունը և նույն կաթողիկոսի նախաձեռնությամբ այդ հին գեղեցկությունը փոխարինվեց փտած ու անպետք արվեստով: Ըստ իս առնվազն այդ խայտառակություն է, չկարողանալ ստեղծել, բայց կարողանալ ոչնչացնել այն, ինչ ստեղծած է:
Բայց մի ուրիշ դեպք ևս, որից պարզ երևում է մեր հոգևորականության հետադիմությունն ու անտարբերությունը: Պատահեց ինձ Հաղպատի վանքում լինել: Մի կողմ թողնելով այդ հիշատակարանի այն մեծ նշանակությունը, որ այնքան հարուստ է հայկական ճարտարապետությամբ, չեմ կարող չարձանագրել այն անխնամ ու անհոգ վիճակը, որ ենթարկված է «հրաշալի վանքը» և իսկապես արժանի «հրաշալի» կոչվելու: Բայց երբ ես ներս մտա, ի մեծ զարմանս իմ, տեսա ձիու աղբ, որ նշանակում է վանքը կամ շոգից ապաստանելու վայր է դարձած կենդանիների համար, կամ ուղղակի՝ ախոռ: Որչափ ծաղր /սրբության հասցրած/: Կամարակապ մռայլ տաճարի մի քանի տեղերում աչքի են ընկնում շատ հետաքրքիր որմնանկարների մնացորդներ՝ գունափոխ կամ բոլորովին գույնը կորցրած: Երբ ես հիշեցրի և բացատրեցի վանահորը նկարների պահպանության անհրաժեշտությունը, նա, առանց երկար մտածելու, հովվական շեշտով պատասխանեց, որ հայոց եկեղեցին պատկերներ չի սիրում: Բայց չնայած դրան՝ սեղանի վրա տեսա դրված, անշուշտ վանահոր ձեռքով, մի անշնհորք, շուկայի գործ և ինքն իրեն ոչինչ չներկայացնող Աստվածածնի պատկերը: Բացի դրանից նա ցույց տվեց Ռաֆայելի Մադոննայի պատճենը, որը պատահմամբ այստեղ էր ընկել, նախապես նկատել տալով, որ իրեն մեկն ասել է, թե այս թանկագին գործ է, բայց, իհարկե այդ էլ Աստվածածնի պատկերի /икона/ նման գեղարվեստի տեսակետից ոչ մի նշանակություն չուներ. Դորա փոխարեն որմնանկարի այն կտորը, որ ընկած է տաճարի մի անկյունում, իբր հնության հիշատակարան անհամեմատ գնահատելի և ուշադրություն գրավող էր:
Չեմ կարող լռել և չհանդիմանել մեր սրբավայրերը՝ ինչպիսին է Անին, այցելողներին, որոնք չիմանալով թե ինչ մեծ հանցանք են գործում, երբ իրենց սրբազան պարտականություն համարելով՝ հաճախ որևէ գործիքի միջոցով քանդում են և իբրև հիշատակ իրենց այցելության ՝ զարդերի կտորներից վերցնում և այդ բոլորը կորչում է բոլորովին իզուր: Երկրորդ, այդ այցելուները դրանով չբավականալով զանազան ափեղցփեղ և ոչ մեկին չհետաքրքրող արձանագրություններով կեղտոտում են ամեն ինչ: Ես չպիտի աշխատեմ ապացուցանել, որ այդպիսի վարմունքը տգիտության նշան է, որովհետև յուրաքանչյուր փոքր ի շատե ինտելիգենտ մարդու համար հասկանալի է, թե ուր է տանում այդպիսի վարմունքը առանց այդ էլ քանդված հուշարձանների նկատմամբ, որոնց վրայից դարեր են սահել և որ մեր պարտականությունն է պահպանել նրանց այդպիսի բարբարոս ձեռքերից, որովհետև դրանք մեր հոգու և մտքի ստեղծագործություններն են, որովհետև դրանք մեր սեփականությունն են:
Պետք է նկատել, որ հին ժամանակ հայերը գեղարվեստի նուրբ ճաշակ են ունեցել, բայց վերջին դարերում պակասել է շնորհիվ բարբարոսների անվերջ հալածանքների: Կյանքի և մահվան խնդիրը առաջին տեղն էր բռնել. «ապրել, ինչպես և իցէ, որտեղ և իցէ»: Ուստի շատերը թողնում են հայրենիքն ու սրբավայրը և գաղթում ուրիշ երկրներ: Արվեստն ազատություն է սիրում: Նա որպես քնքուշ ծաղիկ բացվում է և իրենով հիանում ու սքանչանում:
Եվ նույնիսկ ճնշված ու հալածված և իբրև քաղաքացի ապրելու իրավունքներից զուրկ ժողովրդի հոգու խորքում առկայծում է կրակը, որը ընդունակ է ազատության ժամանակ բոցավառվել և լուսավորել ամեն ինչ...


Մարտիրոս Սարյան
«Նոր կյանք», Նոր նախիջևան,
8 հոկտեմբերի, 1906, № 15