Ի՞նչ է կյանքը։ Մի կղզի։ Մարդիկ դուրս են գալիս ծովից, անցնում են կղզու վրայով և նորից մտնում են ծովը։ Եվ այս կարճ կյանքը, որ մարդ ապրում է, շատ երկար բան է։ Ճանաչելով բնությունը՝ մենք փառաբանում ենք կյանքի հրաշք գեղեցկությունը։
Մեր ժողովուրդը հաստատել է երկրագնդի մեծ օրենքը, միշտ արևի հետ մնալու օրենքը։ Մենք կապված ենք արևին, նա դարեր շարունակ տանում է երկիրը, ո՞ւր է տանում, չգիտես։
Գալիս են նոր սերունդներ և շարունակ արևը մնում է մարդու մեջ, ամեն մեկի մեջ։ Ուրեմն, մնանք հավատարիմ այդ մեծ օրենքին։ Սիրենք կյանքը, սիրենք լուսավորը, սիրենք համերաշխությունը, սիրենք սերը և մեր գործով արդարացնենք բնության վստահությանը։
                                                                                                              ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
    ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

   
Մարտիրոս Սարյանի կենսագրական տվյալների հիմնական աղբյուրը նկարչի հուշերն են` ամփոփված «Գրառումներ իմ կյանքից»(առաջին հրատարակությունը՝ հայերեն, խմբագիր Վ. Մաթևոսյան, 1966թ.) գրքում: Այստեղ շարադրված է նկարչի կենսագրության առաջին մեծ հատվածը՝ վաղ մանկությունից մինչև 1928 թվականը:
Երկրորդ հատվածը՝ 1929-1972թթ., ներկայացված է 1980 թվականին Վարպետի 100-ամյակին հրատարակված Մ. Ղազարյանի և Ա. Աղասյանի «Մարտիրոս Սարյան: Տարեգրություն» գրքում, ինչպես նաև Ա. Կամենսկու և Շ. Խաչատրյանի «Սարյանի մասին» ("Сарьяне") ժողովածուում:
Ներկայումս Սարյանի կենսագրությունը նոր տվյալներով համալրում է նկարչի նամականին, որը կազմում է տուն-թանգարանի տնօրեն Ռ. Սարյանը. I հատոր՝ 1908 -1928 (հր. 2002), II հատոր` 1929-1953 (հր. 2012), III-ը պատրաստվում է:
     

Մարտիրոս Սարյանը որդու՝ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի հետ, 1952

ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ինքնադիմանկար: Երեք հասակ, 1942



Սարյանի ստեղծագործությունների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում փիլիսոփայական բնույթի «Ինքնադիմանկար: Երեք հասակ» նկարը, որը նա վրձնել է 1942 թ.: Այն նույնպես կառուցված է տարբեր ժամանակներ արտացոլող մի քանի դրվագների միավորման սկզբունքով: Աջ կողմում Սարյանն իրեն պատկերել է տակավին երիտասարդ տարիքում, ռոմանտիկ ու երազկոտ հայացքով նայող դեպի ապագան: Ձախից` նա հասուն տղամարդ է, աչքերը կկոցած ուսումնասիրում է իրեն շրջապատող աշխարհը: Կենտրոնում՝ տարիքն առած իմաստուն է, որն ի մի է բերում իր կյանքի անցած ուղին: Նրա թափանցող հայացքը ուղղված է դիտողին:
Հենց այդպիսին էր Սարյանը, երբ ստեղծում էր այս կտավը: Հետաքրքրական է, որ երիտասարդ տարիքի իր ինքնադիմանկարի ստեղծման համար նկարիչն օգտագործել է 1910 թ. իր լուսանկարը, իսկ միջին տարիքի ինքնադիմանկարի համար` 1933 թ. արված «Դիմակով ինքնանկարը»: Երեք ֆիգուրներն էլ Սարյանը նկարել է Հայաստանի բնապատկերի ֆոնի վրա, որի խորքում պատկերել է իր տունը, իսկ հորիզոնի գծից վեր` սրբազան Արարատ լեռան գագաթը: Հայրենիք, տուն, Արարատ - ահա այն սրբությունները, որոնք Սարյանը պաշտպանում է իր ամենահզոր զենքով` արվեստով, ոգեկոչելով իր երեք ինքնությունները՝ երեք հասակը:

Մրգեր, 1914



Սարյանի արվեստում հատուկ տեղ են գրավում նատյուրմորտները: Տուն-թանգարանի երկրորդ հարկի ցուցադրության մեջ կա երկու մեծադիր նատյուրմորտ, որոնք ստեղծվել են պատերազմի տարիներին: Դրանք են «Մրգեր» (1941թ.) և «Աշնանային նատյուրմորտ» (1944թ.) նկարները: Սարյանը պատկերում է Հայաստանի բնության շռայլ հարստությունը, մարդկանց քրտնաջան աշխատանքով ստեղծած բարիքները:
Պատերազմ է գնում, իսկ Սարյանը նկարում է ծաղիկներ ու մրգեր, կարծես հակադրելով պատերազմական դաժան իրականությանը կյանքի գեղեցկությունը, անանց արժեքները, ժողովրդի խաղաղ աշխատանքը, որոնք պետք է պաշտպանել անձնվեր պայքարում, անգամ սեփական կյանքի գնով: Սարյանի պատերազմական շրջանի նատյուրմորտներում առավել է զգացվում կյանքի հանդեպ կենսախնդությունն ու սերը, հաստատելով այն գաղափարը, որ միայն ապրելով և արարելով կարելի է հաղթել մահին:

Լ.Սարյանի դիմանկարը: Նկարչի կյանքից, 1941



1941 թվականին ստեղծված այս նկարում խորհրհրդանշական ձևով պատկերված է Սարյանի տագնապը ռազմաճակատում մարտնչող որդու` Ղազարոսի ճակատագրի հանդեպ: Առաջին պլանում Սարյանը պատկերել է իր սիրելի կնոջը` Լուսիկին՝ ձեռքերում պահած նարնջագույն պտուղ: Սակայն պտուղը հայելու մեջ փոխակերպվում է որդուց երկար սպասված նամակի. դա այն է` ինչի մասին մտածում և երազում են զինվորի ծնողները. բարի լուր ստանալ իրենց որդուց:
Այս աշխատանքը հատկապես հետաքրքիր է նրանով, որ Սարյանն ընդլայնում է հաստոցային գեղանկարչության տարածաժամանակային միասնության հնարավորությունները՝ ներմուծելով կինոարվեստին բնորոշ տարրեր: Տվյալ դեպքում համադրված են իրականն ու երևակայականը, սպասումն ու կատարվածը, ներկան ու ապագան…Նկարչի կողմից գեղանկարչության լեզվով պատմված այս հուզիչ պատմությունն ավարտվել է բարեհաջող. նկարչի որդին` Ղազարոսը, պատերազմի ավարտից հետո հաղթանակած տուն է վերադարձել:

Աշնանային մառախլապատ օր, 1928



Բիբլիական Արարատը՝ ասես մի վսեմ գմբեթ, խոյանում է Երևանի վրա իր ամբողջ փառահեղությամբ և զորությամբ: Սարյանի այս նկարում լեռան ձևը կարծես երկխոսության մեջ է մտնում Զորավոր եկեղեցու մեծ և փոքր գմբեթների հետ:
Հայաստանի բնությունը կերտել է լեռները, իսկ մարդն ընդօրինակել է դրանց ձևերը եկեղեցիների ճարտարապետության մեջ, արտահայտելու համար իր հավատը, աղոթքն ու երկրպագությունն առ Աստված:
Պատկերի գեղանկարչությունը արտացոլում է արևի անհաղթ լույսի հանդեպ Սարյանի տածած հավատը: Չնայած որ օրը մառախլապատ է, իսկ Արարատը սքողված թեթև շղարշով, նկարի առաջին պլանը՝ ծառերով և դրանց տակ արածող ձիերով, լուսավորված է արևով:

ԵրԵՎանյան բակ գարնանը, 1928



Այս կտավը Սարյանը ստեղծել է Փարիզից վերադառնալուց հետո: Դա հին Երևանի մի անկյուն է, ազգային ճարտարապետությանը բնորոշ երկհարկանի տնով, որն ուներ ներքին բակ նայող փայտյա պատշգամբ: Պահպանվել է նկարչի գրառումը, որտեղ նա նկարագրում է այդ բակը. «1924 թվականին մենք տեղափոխվեցինք նոր բնակարան` Ռուբենի փողոց, տուն 55, որտեղ ես կարող էի հանգիստ ապրել և աշխատել: Տան դիմացի փոքրիկ ծաղկանոցը, այգին, պատշգամբից բացվող տեսարանը. ամեն ինչ շատ գեղանկարչական էր:
Գարնանը ողջ շրջակա տարածքը վերածվում էր ծաղկած պարտեզի: Հատկապես լավն էին գլիցինիայի ծաղիկները… Հին գեղանկարչական երևանյան տնակները սկսեցին աստիճանաբար փլվել, նրանց մասին ոչ ոք չէր հոգում: Դրանք դատարկվեցին և վերածվեցին փլատակների: Ցավում եմ, որ այն ժամանակ այդքան քիչ եմ նկարել այդ տեսարանները»: Ցավոք, չպահպանվեց նաև նկարում պատկերված այս բակն ու տունը: Նկարիչը հատուկ տեղ է հատկացնում պատշգամբի մոտ աճող կապտամանուշակագույն ծաղիկներով գլիցինիային, որը բազմիցս է գրավել Սարյանի ուշադրությունը:
Նրա 1910 թվականին ստեղծած «Գլիցինիան» Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի զարդերից է:

Արագած, 1925



Սարյանի արվեստում հողագործի կերպարին մեծ տեղ է հատկացված: Լինելով հողագործի որդի, նա վաղ մանկությունից տեսել է, թե ինչ դժվարությամբ է մարդը հողից հաց քամում: «Արագած» մեծադիր կտավը կարծես ազգային երգ դարձած «Հորովելի» գեղանկարչական արտահայտությունն է: Դիտողի առջև բացվում է լեռնային լայն, բազմապլան մի պատկեր՝ հորիզոնում խոյացող Արագած լեռան մոնումենտալ, մանուշակագույն գագաթներով: Նկարի խորքից դեպի դիտողը անկյունագծով քայլում են լծված եզները և մաճկալը՝ արորը ձեռքին: Արագածն իր բազալտե ծանրությամբ կարծես ընդգծում է հողագործի ծանր, բայց և կյանքի համար այդքան անհրաժեշտ, սուրբ աշխատանքը:
Սարյանի հետևյալ տողերը կարծես այս նկարի հիմնական գաղափարի բանալին են. «Իմ ձգտումն է՝ դժնի արհավիրքներով անցած, արյամբ և հավատքով սրբագործված մեր փոքր երկիրը պատկերել իր շոշափելի գոյությամբ: Արագածի փեշը կազմող այս հողակտորը՝ ես դիտում եմ իբրև հույսի աղբյուր: Ես ուզում եմ ցույց տալ աշխարհին, որ այս լեռնոտ երկիրը կա, իր կրծքի վրա պահում է, ճիշտ է մի բուռ, բայց աշխատասեր մի ժողովուրդ՝ իր հերոսական պատմությունը խորհրդանշող հոգևոր բազմադարյա արժեքներով»:

Եգիպտական դիմակներ, 1915



Սարյանի ստեղծած նատյուրմորտների շարքում «Եգիպտական դիմակներ» -ը բացառիկ տեղ է գրավում: Առաջին հայացքից այն ընկալվում է որպես նորարարական արվեստի ինքնատիպ, գունեղ, դեկորատիվ կտավ, բայց ստեղծման տարեթիվը՝ 1915 թվականը, հուշում է, որ եգիպտական դիմակների միջոցով նկարիչն արտահայտել է Արևմտյան Հայաստանում մոլեգնող ջարդերի, կոտորածների հետ կապված իր մտքերն ու ապրումները: Նկարի ձախ վերին անկյունում պատկերված սև դիմակի աչքերում դրոշմված է ցավ, արտասուք: Ներքևի ձախ անկյունում՝ մեկ ուրիշ դիմակ՝ հազիվ նշմարվող հույսի կիսաժպիտ դեմքին: Աջ վերևի անկյունում, հոնքերը վեր բարձրացրած՝ զարմանք և սարսափ արտահայտող մեկ այլ դիմակ:
Նկարի կենտրոնում՝ դարերի խորքից դեպի ապագան հուսադրող հայացքով նայող դեղին, լուսավոր մի դիմակ: Նրա կողքին պատկերված է սպիտակ ծաղկաման, որի վրա դրված է հավերժության խորհրդանիշը՝ կապույտ գնդի ձևով: Այս համադրությունը կարծես ընդգծում է ստեղծագործության հիմնական գաղափարը, այն է՝ 1915 թվականը հայ ժողովրդի պատմության վերջին տարեթիվը չէ, այլ մի հերթական փորձություն, որից նա անպայման դուրս է գալու՝ շարունակելու համար իր առաքելությունը, որպես աշխարհի հնագույն ազգ:

Պարսկաստան, 1913



«Թեհրանում ես չտեսա այն բազմազան ամբոխը, ինչը կար Կոստանդնուպոլսում և Կահիրեում»,- գրում է Սարյանը 1913 թվականի Պարսկաստան կատարած իր ճանապարհորդության մասին: «Թե՛ կանայք, թե ՛տղամարդիկ հագնված էին սևով: Կարծես ողջ քաղաքը սգի մեջ լիներ: Չէի կարողանում բացատրել պարսիկների այդ սերը սև գույնի նկատմամբ: Գույներն ասես դիտմամբ վռնդված էին փողոցներից: Զարմանալի և անհավատալի էր: Իսկ նրանց մանրանկարները, այնքա՜ն բազմազան…» Սարյանը նկատում է, որ Պարսկաստանի ամենահետաքրքիր, խայտաբղետ և միշտ մարդաշատ վայրը շուկան էր:
Այստեղ կարելի էր տեսնել նարգիլե ծխող կամ ծալապատիկ նստած և նարդի խաղացող պարսիկ վաճառականների, մահուդ ծեծող արհեստավորների, պարուհիների: Նկարչին զարմացնում էին նրանց դեմքերի անտարբերությունը և սառնությունը: Դժվար էր հավատալ, որ այս մարդիկ զբաղված էին առևտրով: Տղամարդկանց դիմաց նստած կանանց սառած դեմքերը դիմակներ էին հիշեցնում:
Այս կերպարներն իրենց արտացոլումն են գտել Սարյանի «Պարսկաստան» մեծադիր նկարում, որտեղ պատկերված է Թեհրանի շուկան:

Քայլող կինը, 1911



1911 թվականին Սարյանն այցելեց Եգիպտոս: Դեռևս երիտասարդ տարիներից ոգեշնչված լինելով այս արևելյան երկրով և նրա հնագույն մշակույթով, նկարիչը ճամփորդական տպավորությունների ներքո ստեղծեց իր հռչակավոր եգիպտական շարքը, որում ուշագրավ է եգիպտուհիների պատկերումը: Այդ պատկերների մեջ առաջնահերթ տեղ է գրավում «Քայլող կինը» կտավը:
Ինչպես գեղարվեստորեն մեկնաբանել է արվեստաբան Ալեքսանդր Կամենսկին՝ կնոջ դեմքն այնքան ընդհանրացված է պատկերված, որ, կարծես, մարդկային դեմք խորհրդանշող հիերոգլիֆ լինի, իսկ կիսադեմից կնոջ ֆիգուրի պատկերումը ակնհայտորեն հիշեցնում է հին եգիպտական որմնանկարներում մարդուն պատկերելու օրինաչափությունը: Ընդհանրացումը հասցված է առավելագույնի, իսկ որոշ տարրեր ձեռք են բերել խորհրդանիշի իմաստ` սկուտեղի վրա մրգի բլրակը ասոցացվում է բուրգի հետ, իսկ եգիպտուհու կիսադեմը հիշեցնում է Սֆինքս: Այդ մտքին են տանում Սարյանի հետևյալ հիշողությունները. «Բուլակյան թանգարանից դուրս գալուն պես, հենց այնտեղ` փողոցում, կարելի էր տեսնել մարդկանց, որոնք, կարծես թե, եղել են այն բնորդները, որոնցից կերտվել են թանգարանում ցուցադրված քանդակները...
Դա զարմանալի էր և միևնույն ժամանակ մի տեսակ վախեցնող: Կարծես նրանք` հնագույն ժողովրդի այս ներկայացուցիչները, եկել են հազարամյակների խորքից` մարդկության քաղաքակրթության արշալույսին ստեղծելով հզոր պետություն»:

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԲՆԱՆԿԱՐ, 1911



Արևելյան շրջանի գործերի շարքում առանձնանում է «Գիշերային բնանկար»-ը, որը նկարիչը ստեղծել է 1911 թվականին Եգիպտոս կատարած ճանապարհորդության տպավորությունների ներքո:
Վարպետի նկարները սովորաբար լուսավորված են արևի լույսով, իսկ այս բնանկարը առանձնանում է լուսնի յուրահատուկ լուսավորությամբ: Եթե մյուս կոմպոզիցիաները կառուցված են գունային հակադրությամբ, ապա այս նկարը ստեղծված է կապույտ, երկնագույն, փիրուզ և մոխրագույն երանգների սահուն, նուրբ անցումներով:
Եգիպտական հեքիաթային գիշեր, լուսնի լույսով ողողված գյուղական կավածեփ տներ, պատի տակ նիրհող ցուլ, նկարի կենտրոնում պատկերված ծառ, հորիզոնում նրբագեղ արմավենու ստվեր: Ստեղծվում է ներդաշնակության, հանգստության և «հնչող» լռության տպավորություն: Սարյանը իր հուշերում նկարագրել է այս բնանկարի ստեղծման պատմությունը. «Ուղեկցիս գյուղում էինք: Քայլում էինք նեղլիկ փողոցներով:
Փոքրիկ տնակների պատերին ստվերներ էին ձգել արմավենիները: Դա մի իսկական հրաշք էր գույների ու ձևերի իր նրբություններով: Հենց այդ տպավորությամբ էլ նկարել եմ «Գիշերը Եգիպտոսում» աշխատանքը»:
Արվեստաբան Ալեքսանդր Կամենսկին այս ստեղծագործության մասին գրել է.«Իրական պատկերը Սարյանի մոտ երևում է որպես հրաշալի մի տեսիլք, որպես՝ «բաց աչքերով մի երազ»»:

ԿՈՍՏԱՆԴՆԱՊՈԼԻՍԻ ՇՆԵՐԸ, 1910



Նպատակ ունենալով մոտիկից ճանաչել և ուսումնասիրել Արևելքի բնությունը և մարդկանց նիստ ու կացը Սարյանը՝ 1910 թվականի փետրվարին 26-ին ուղևորվում է Թուրքիա՝ Կոստանդնուպոլիս, որտեղ ապրում է երկու ամիս և ստեղծում իր առաջին արևելյան շարքի գլուխգործոցները: «Կոստանդնուպոլսի շները» Տուն-թանգարանի հավաքածուում գտնվող այս շրջանի միակ գեղանկարն է:
Իր հուշերի գրքում նկարիչը գրում է. «Կենդանիների ուսումնասիրության առատ նյութ կար: Շները ապրում էին հոտերով, ավելի ճիշտ, ընտանիքներով, որոշակի տեղերում… Նրանց կողքով, հանգիստ օրորվելով, յուրահատուկ ռիթմով քայլում էին լայն շալվարներով և կարմիր ֆեսերով տղամարդիկ, փայտե քստիկներով, չադրաներով թրքուհիներ, երեխաներ: Շներին ոչ ոք ձեռք չէր տալիս»: Առաջին պլանում ներկայացված է կռվող շների մի խումբ:
Դրանք յուրօրինակ հակադրության մեջ են խանութի ցուցափեղկի մոտ նստած ծուլորեն նարգիլե ծխող վաճառականի հետ: Դիտողի հայացքը սահում է փողոցով դեպի վեր քայլող՝ չադրայի մեջ փաթաթված կինը և խոտով բարձված ավանակը:
Կոստանդնուպոլսի առօրյա կյանքից վերցված այս դրվագը, պատահական ակնթարթը, իր հերթին ամբողջական պատկերացում է տալիս քաղաքի յուրահատուկ կոլորիտի վերաբերյալ:

ԻՆՔՆԱԴԻՄԱՆԿԱՐ, 1909



Սա Սարյանի առաջին գեղանկարչական «Ինքնադիմանկարն» է, որը նույն թվականին ստեղծված Տրետյակովյան պատկերասրահում պահվող հայտնի «Ինքնադիմանկարի» էսքիզն է:
Սարյանն իրեն պատկերել է իր իսկ խոսքերով ասած «բնության, լեռների և հովիտների միջով քայլելիս, արևի տակ, արևի ոսկի շողերով լուսավորված»: Ֆրանսիական արվեստի մեծ գիտակ և նկարահավաք Շչուկինը, տեսնելով Սարյանի այս գործը, բացականչում է. «Հրաշալի է, դուք հիանայի դիմանկարիչ եք» և պատվիրում է իր որդու դիմանկարը:
Այս գործը ավելին է քան զուտ ինքնադիմանկար, ավելի շուտ սա բնության ուժն իր մեջ կրող ստեղծագործ անհատի հավաքական և ընդհանրացված կերպարն է: Սարյանն օգտագործում է արտահայտիչ հակադիր գույներ, ներկը ստվարաթղթին է քսում վստահ, ամուր ձեռքի լայն, ազատ վրձնահարվածներով: Ինքնադիմանկարն ու ֆոնի լեռները նույն կերպ են նկարված: Այդ իսկ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ մարդն «աճում» է բնությունից, հանդիսանում է նրա շարունակությունը և անքակտելի մասը:
Սարյանը գրել է. «Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է: Մարդն ինքը բնությունն է: Միայն մարդու միջոցով է բնությունը ճանաչում իրեն»: Մարդու և բնության միասնականությունն «Ինքնադիմանկարի» հիմնական գաղափարն է:

ՋՐՀՈՐԻ ՄՈՏ: ՇՈԳ ՕՐ, 1908



Սարյանը ծառեր նկարել է իր ողջ կյանքի ընթացքում: Դրանք, կարծես, դարերի միջով մեզ են հասցնում դրախտի կենտրոնում Արարչի ձեռքով տնկած Կենաց ծառի սոսափյունը:
«Ջրհորի մոտ: Շոգ օր» նկարում կոմպոզիցիայի կենտրոնում խոյացող ծառը մարմնավորում է աշխարհի առանցքի գաղափարը և բոլոր կենդանի էակները, ներառյալ մարդը, նրա շուրջն են հավաքված: Զգացվում է ծառի բնի ուժն ու հզորությունը, վառ արտահայտված տարիքային օղակներով:
Նրանով դեպի վեր են ձգտում սաղարթը սնող երկրի ուժերը: Կիզիչ կեսօրին ծառից դեպի վար տարածվում է բարեբեր ստվերը, ստեղծելով հանգստության և ներդաշնակության օազիս: Արևի այրող ճառագայթներից ապաստան գտնելու համար այստեղ են շտապում մարդիկ ու կենդանիները: Ծառի ստվերում պատկերված է ջրհոր, որի եզրին նստել է կապտավուն ստվերին համարյա ձուլված փերին:
Պատկերի ողջ ներկապնակը թաթախված է արևով, գունային լուծումները կառուցված են դեղինի և կապույտի, նարնջագույնի և մանուշակագույնի հակադրումներով: Յուրաքանչյուր վրձնահարված կտրուկ է և եռանդուն, ինչը մեծ արտահայտչականություն է հաղորդում նկարին:

ՍԵՐ: ՀԵՔԻԱԹ, 1906



Սարյանի «Հեքիաթներ և երազներ» ( 1903 – 1906) ջրանկարների շարքի գլուխգործոցն է: 1903 թ. Մոսկվայի ուսումնարանը ավարտելուն պես երիտասարդ Մ. Սարյանը կտրականապես մերժեց գեղանկարչական դպրոցի կայունացած կանոնները և ելավ ինքնարտահայտման նոր միջոցների որոնման ճանապարհ: «Բնությունից արված մի շարք էտյուդներից հետո, ես ուզեցի կտրվել նրանից և ընկղմվել երևակայության ոլորտը», - հիշում էր նկարիչը: Հեքիաթի և անուրջի աշխարհը նկարչին հնարավորություն ընձեռեց արտահայտելու բնության հետ մերձենալու և նույնանալու նրա ձգտումը:
Ջրաներկի տեխնիկան հնարավորություն տվեց նրան վերարտադրել հոգեկան ամենանուրբ ապրումները, նրբագեղ գունախաղերը, օդի շարժումը, լույսի թրթիռը: Տղամարդն ու կինը միաձուլվել են հավերժ համբույրով: Նրանց քնքշորեն փարվել է վիթը: Հեռվում ծովի ջրերը օրորում են նավակը: Ողջ կոմպոզիցիայի գունային լուծումները հիմնված են մուգ կապույտից երկնագույն և բաց երկնագույն երանգների անցումների վրա:
«Սեր: Հեքիաթը» Մ. Սարյանի սիրելի աշխատանքներից է: 2003 թվականին այն, ի թիվս այս շրջանի մյուս ջրանկարների, ներկայացվեց Ֆրանսիայի Անտիբ քաղաքի Պիկասոյի թանգարանում կազմակերպված Մ. Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսում, իսկ 2010 թվականին Հոլանդիայի Գրոնինգեր թանգարանում կազմակերպված «Ռուսաստանի անհայտ արևելքը» ցուցահանդեսում:

ԳԻՍԱՍՏՂ, 1907



Այս նկարը Մարտիրոս Սարյանի ամենահայտնի խորհրդապաշտական աշխատանքներից է: Կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված է միաչքանի էակ: Ինքը` նկարիչն հանձինս այս էակի պատկերել է Փիլիսոփայի, Բանաստեղծի, Իմաստունի հավաքական մի կերպար, որն իր «ամենատես աչքով» ընդունակ է բացահայտել տիեզերքի անհայտ գաղտնիքները:
Սարյանը կարողացել է հավասարակշռել երևակայության թռիչքը՝ շրջապատող իրական աշխարհի պատկերմամբ: «Գիսաստղի» կոմպոզիցիան կառուցված է նկարչի արվեստին բնորոշ տարրերից` մեկհարկանի կավաշեն տնակ, տափակ կտուրի վրա նստած ֆիգուրներ, սարեր, ծառ, վիթ, ջրավազան, որի մեջ արտացոլված է գիշերային երկինքը՝ գիսաստղով: Այս ամենը արևելյան բնակավայրի պարզ, խտացված պատկերն է: Դրանով էլ առավել վառ և համոզիչ է երկու աշխարհների` հեքիաթի և ճշմարիտ իրականության համադրումը:

ՄՈՐ ԴԻՄԱՆԿԱՐԸ, 1898



Մարտիրոս Սարյան Սարյանն այս դիմանկարը ստեղծել է ուսանողական տարիներին: Այն արված է դիմանկարային արվեստի ակադեմիական կանոններին համապատասխան:
Թեև Սարյանը դեռ չի հետապնդում նոր գեղանկարչական խնդիրներ, սակայն նրա ստեղծած կերպարը հայտնաբերում է որդիական ջերմ սեր պաշտելի մոր՝ Ուստիանեի հանդեպ և համահունչ է իր գրառումներում թողած հետևյալ նկարագրությանը: «Մայրս արտասովոր աշխատասեր կին էր: Ամբողջ օրը ոտքի վրա էր. ջրհորից ջուր էր հանում, վառարանը վառում, հաց ու համեղ կարկանդակներ թխում, ճաշ եփում, կով կթում, յուղ ու պանիր պատրաստում...
Ամեն ինչ ձեռքից գալիս էր, և այդ բոլորն անում էր թեթևությամբ, որպես իր գործի հմուտ վարպետ: Անգամ կարողանում էր ձախ ձեռքում պահելով երեխային, աջով խմոր հունցել:
Այն, ինչ եփում կամ թխում էր ոչ մի րոպե հանգիստ չունեցող մեր մայրիկը, անչափ համեղ էր: Նա ճշմարիտ քրիստոնյայի ոգով էր դաստիարակված, և ամեն օր աղոթում էր հանուն մարդկանց փրկության ու երջանկության, Աստծուց խնդրում, որ ների իրեն, այդ սուրբ էակին, իբր գործած մեղքերի համար»:

ՊՈՒՐԱԿ ՍԱՄԲԵԿԻ ԱՓԻՆ, 1909



Վաղ շրջանի ստեղծագործություններում հեքիաթային ու խորհրդապաշտական մոտիվներին զուգահեռ Սարյանն ուշադրություն է դարձրել բնության նաև իրական պատկերմանը: Այսպիսին է 1909թ. «Պուրակ Սամբեկի ափին» նկարը:
1882 թվականին, Սարգիս Սարյանը՝ նկարչի հայրը, Սամբեկի ափին հում աղյուսից մի փոքրիկ տնակ կառուցեց իր բազմանդամ ընտանիքի համար: Այստեղ է անցել ապագա նկարչի մանկությունը: Սամբեկը սակավաջուր գետ էր, իսկ ամռան տապին էլ ավելի էր ծանծաղում և ծածկվում եղեգնով: Առաջին անգամ այս նկարում, որպես մանկության բարի վերհուշ, Սարյանը պատկերել է իր սիրելի շիկակարմիր շանը՝ Պոլկանին:
Նրա անունը մեզ հայտնի է Սարյանի գրառումներից: Այդ աղվեսանման շունը հայտնվում է նաև նկարչի ավելի ուշ շրջանի կտավներում՝ «Երևանյան բակ գարնանը», «Դեպի աղբյուր», «Հեքիաթ»: «Պուրակ Սամբեկի ափին» ստեղծագործությունը վկայում է Սարյանի արդեն ձևավորված ոճի և գունային վառ ներկապնակի մասին:


Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 58 05 68
info@sarian.am