Ամեն հայ իր հոգում մի Անի ունի, մի խորտակված մայրաքաղաք, որը մտքով վերականգնում է, քարը քարի վրա է դնում և վերակառուցում ու բացում է բոլոր դարպասները բարեկամների հանդեպ, իսկ թշնամիների առջև` փակում: Ամեն հայ մի Անի ունի իր հոգում և դրանով հարուստ է:
Ոչինչ չի կորչում, քանի դեռ ժողովուրդը կա: Պատմություն դառնալով ոչ մի հուշարձան ու ավերակ չի դառնում լոկ պատմություն, քանի դեռ ժողովուրդը ապրում է, որովհետև ամեն մի հայ, եթե նա իսկապես մարդ է, մտովի յուր սրտի խորքում վերականգնում, վերակառուցում է ավերակը, ու այն ապրում է մի նոր կյանքով, ոչ թե մեռած պատմությամբ, այլ ապրող, այս օրին մասնակցող կյանքով...
                                                ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ, 25 դեկտեմբերի, 1964թ., Երևան
    ՄԱՐՏԻՐՈՍ  ՍԱՐՅԱՆ  »  ՀՈԴՎԱԾՆԵՐ

Մ. Սարյան, Մոսկվա 1912

 
   
   
 
   
Նկարիչները սովորաբար չեն գրում հոդվածներ: Սակայն Մ. Սարյանը՝ կրելով իր մեջ անցած դարերի ազգային մշակույթի հիշողությունը, հաճախ էր կարիք ունենում թղթին հանձնել իր մտքերը:

Նա հանդես է եկել բազմաբնույթ հոդվածներով, որոնք իր հուշերի և նամակների հետ մեկտեղ ներկայացնում են նկարչի հարուստ գրական ժառանգությունը:
Վաղ շրջանում գրված հոդվածները բովանդակում են այն հիմնահարցերը, որոնցով ղեկավարվել է նկարիչն իր ստեղծագործական որոնումների ճանապարհին: Նա խորապես ուսումնասիրել և վերլուծել է հայ մշակույթի ինքնատիպությունը, նրա պատմական ընթացքն ու առանձնահատուկ տեղը համաշխարհային արվեստում: Իր ստեղծագործության նպատակը Մ.Սարյանը գիտակցբար ուղղել է հայ արվեստի վերածնմանը, զարգացմանը:

Մ. Սարյանի սրտացավ վերաբերմունքը հայ ճարտարապետական կոթողներից մեկի՝ Էջմիածնի Մայր տաճարի վերականգնման գործի նկատմամբ որոշարկեց հետագայում նրա երկարամյա աշխատանքը որպես Հայկական հուշարձանների պահպանության կոմիտեի ղեկավարի:

Այս էջում տեղադրված են նաև հոդվածներ Մ.Սարյանի մասին: Դրանք ներկայացնում են նկարչի արվեստի շուրջը տարվող գիտական աշխատանքը, որն ընդգրկում է նրա կյանքի ու արվեստի, շփումների ու տարբեր իրադարձությունների լուսաբանումը, ստեղծագործությունների մեկնաբանումն ու դրանց պահպանմանն ու վերականգնմանը վերաբերվող խնդիրներ:


Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 58 05 68
info@sarian.am