Մարդուն իրավունք չէ տրված նայել արևին... Այդ հրաշքը, որ մարդուն կյանք է տալիս, ասում է.
«Մի նայիր ինձ,այլապես կկուրանաս»: Իսկ կյանքն առանց աչքերի չես տեսնի և չես զգա:

Կերպարվեստը մարդն ընկալում է աչքով: Եվ նկարիչը, ում բնությունը տվել է տեսնելու, նշանակում է նաև զգալու, մեծ պարգևը իր նկարներում մարդու առջև բացահայտում է կյանքն իր գեղեցկության մեջ:

                                                                                                        Մ. Սարյանի ձեռագրերից
    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2013

2013

«ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ: ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԵՐԺԻ ՀԵՏ»

Դեկտեմբերի 25-ից Մատենադարանում գործում էր «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցահանդեսը: Ցուցադրությունը կազմված էր Մ. Սարյանի տուն-թանգարանի հավաքածուի 31 ստեղծագործությունից:



 

Ի զգայականս Եդեմայ բխեալ պատրաստեաց Տնկողն,
Զի ոռոգեալ ծաղկեսցի նովաւ,
Որ ի յիս բարեգործութեան կենսատունկ դրախտ:

Գրիգոր Նարեկացի, «Մատեան ողբերգութեան» (ԼԷ, Բ)

Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Մատենադարանում լի է ներքին մեծ խորհրդով: Դեռ երիտասարդ տարիքում, լինելով Մոսկվայի նկարչության քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի սան, նկարիչն եկավ հայրենիք, այցելեց այն ժամանակ Էջմիածնում գտնվող Մատենադարանը, տեսավ մեր հին ձեռագիր գրքերը, հիացավ Թորոս Ռոսլինի և մյուս միջնադարյան ծաղկողների արվեստով: Նա ստացավ այն հզոր ստեղծագործական լիցքը, որը կրեց իր ողջ կյանքի ընթացքում, զարգացրեց այն ժամանակակից ոգով, նոր որակով: Մարտիրոս Սարյանը իր արվեստով  մեր ժամանակները հաղորդակից դարձրեց հայ արվեստի  պատմական ավանդներին, նոր շունչ և մարմնավորում հաղորդեց նրանց մեջ ամփոփված իմաստության և բարձրագույն արժեքների հավերժական, անանց նշանակությանը: Մ.Սարյանը իրագործեց իր առջև դրված գերագույն նպատակը` հասավ այն «դժվար թեթևությանը, որը բնորոշ է բոլոր ժամանակների խոշոր վարպետներին»:  Նրա արվեստի ոճականության թեթևությունը, որը քննադատները հաճախ որոշարկում են որպես մանկական հայացք, պրիմիտիվիզմ կամ դեկորատիվիզմ, հիրավի ելնում  է հին և միջնադարյան հայ արվեստին բնորոշ մտածողությունից: Դա խորհրդանիշների յուրահատուկ լեզու է: Դրանցից ամեն մեկն ամփոփում է իր մեջ համամարդկային հավերժական գաղափարներ: Դրանք են և Կենաց ծառը, լուսերգությունը, անմահությունը:
Մարդկության կեցության անանց արժեքների արտահայտումը Մ.Սարյանը գտավ և այլ ազգային մշակույթներում, օրինակ՝ եգիպտականում: Եգիպտոսից բերված փայտե դիմակը նա համադրեց իր արվեստում միշտ առկա հոգևորի հավերժ գոյության գաղափարի հետ:


   
         
   
Մատենադարանում կազմակերպված ցուցադրության մեջ ընդգրկված են Մ.Սարյանի վաղ  շրջանի «Հեքիաթներ և երազներ»  ջրաներկ շարքի  7 աշխատանք, ինչպես նաև բոլոր ստեղծագործական շրջանների գեղանկարչական գլուխգործոցները, այդ թվում՝ «Ինքնադիմանկար» (1909), «Ջրհորի մոտ: Տապ օր» (1908), «Քայլող կինը» (1911), «Եգիպտական դիմակներ» (1915),  «Դեպի աղբյուր» (1926), «Ինքնադիմանկար: Երեք հասակ» (1942), «Հեքիաթ»(1971) և այլ աշխատանքներ:
նոյեմբերի 26 - մայիսի 14
«Մայրամուտից առաջ»:
Վարպետի վերջին հինգ տարիների աշխատանքների ցուցահանդես
 

«Մայրամուտից առաջ»:
Վարպետի վերջին հինգ տարիների աշխատանքների ցուցահանդես:

«Մայրամուտից առաջ» ցուցահանդեսը նվիրված էր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 45-ամյակին: Ցուցադրությունը կազմված էր Մ. Սարյանի կյանքի վերջին հինգ տարիների ընթացքում ստեղծված  3  գեղանկար և 53 գծանկար աշխատանքներից՝ տուն-թանգարանի ֆոնդից և Սարյան ընտանիքի հավաքածուից:
Հայտնի  կամ մշտական ցուցադրության մեջ գտնվող գործերի հետ մեկ տեղ ցուցահանդեսը ծանոթացրեց Մ. Սարյանի ևս 30 գծանկարի հետ: Իսկ դա նշանակում է, որ կայացավ հանդիպում Սարյանի անծանոթ և զարմանալի աշխատանքների հետ:
Վարպետի այս վերջին գծանկարներում պատկերված բազմազան թեմաները միավորում է իմաստուն կենսասիրության լույսը: Սա մեծ աշխարհ է, որը փոխանցում է  անսպառ դրական լիցք: Կյանքի վերջին տարիներին նկարիչը ստեղծեց հեքիաթների մի նոր շարք: 53 գծանկարները և 3 գեղանկարչական գլուխգործոցները  անբաժան են միմյացից և կազմում են մեկ ամբողջականություն, որպես մեծ ստեղծագործողին արժանի մաժորային ակորդ, որպես յուրահատուկ ամփոփում վիթխարի ստեղծագործական ճանապարհի, որըն ավարտվեց Վարպետի մահից միայն մեկ ամիս առաջ:

Մայիսի 18
«Մարտիրոս Սարյանի գրքարվեստը» գրքի շնորհանդես
 

«Մարտիրոս Սարյանի գրքարվեստը»: Ալբոմ: Կազմող, ներածական խոսքի և ձևավորման հեղինակ՝ Ռուզան Սարյան: Ուսումնասիրության հեղինակ՝ Վիլհելմ Մաթևոսյան: Գլխավոր խմբագիր՝ բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյան: 

Այս ալբոմը առաջին փորձն է ի մի բերելու, հավաքագրելու գրքային նկարազարդումների ասպարեզում արված Վարպետի աշխատանքները՝ սկսած ամենավաղ շրջանից՝ 1900-ական թվականներից մինչև ստեղծագործության ուշ շրջանը: Սարյանը ձևավորել է հայ, ռուս, պարսից դասական հեղինակների երկեր, հայկական ժողովրդական հեքիաթներ, հայ պոեզիայի ժողովածուներ, ինչպես նաև առանձին տարեգրքեր և ամսագրեր: Նկարազարդումները կատարված են բազմաբնույթ գրաֆիկական միջոցներով՝ մատիտ, տուշ, ջրաներկ, գուաշ, տեմպերա: Ներկա ալբոմում Սարյանի հայտնի նկարազարդումների կողքին զետեղված են քիչ հայտնի և մինչ վերջին ժամանակները անհայտ մնացած գործեր, որոնք հրատարակվում են առաջին անգամ:
Ալբոմը կազմող գրաֆիկական գործերի բնօրինակների հիմնական մասը պահպանվում է Մ. Սարյանի տուն-թանգարանում, Ազգային պատկերասրահում, Գրականության և արվեստի թանգարանում, Սարյան ընտանիքի հավաքածուում և այլ մասնավոր հավաքածուներում: Կան նաև նկարազարդումներ, որոնք պահպանվել են միայն տպագրված գրքերում: Այդպիսիներից շատերը մատենագիտական հազվագյուտ նմուշներ են և ներկա ալբոմում իրենց «երկրորդ կյանքն» են ստանում:

Գրքային գրաֆիկան ամբողջությամբ իր մնայուն տեղն ունի Սարյանի արվեստում: Այն հայ գրքարվեստի վսեմ բարձունքներից է:
Մայիսի 18 - հունիսի 1
Թանգարանային գիշեր 2013: «Երկխոսություն» ցուցահանդես
     

«Թանգարանային գիշեր 2013» միջոցառման շրջանակում
Մոսկովյան նկարիչների «Xolst»  ստեղծագործական միավորման «Երկխոսություն» ցուցահանդես:

 «Լինել նշանակում է շփվել երկխոսության միջոցով: Երբ ավարտվում է երկխոսությունը, ավարտվում է ամեն ինչ... Երկխոսությունը գիտակցությունների փոխըմբռման հնարավորություն է...»:
Մ. Բախտին
«Երկխոսության գաղափարը` իր ծագման սկզբից - մարդու գոյության գաղափարի իմաստն է»
Ս. Բիբեր
Այս նշանաբանները որդեգրեց «Երկխոսություն» ցուցահանդեսը, որը  մի զրույց էր գեղանկարչության արտահայտիչ լեզվի միջոցով` արվեստում ավանդների և նոր հայացքների ժառանգականության մասին, զրույց, ուղղված մշակույթների և համամարդկային արժեքների մերձեցմանը: Դա նաև  Մ. Սարյանի տուն-թանգարանի ազնվական պատասխանն էր «Xolst» միավորման մոսկովյան նկարիչների բարեգործական ակցիային՝ վերջերս աճուրդում վաճառված իրենց նկարների շահույթը միավորման ներկայացուցիչները նվիրեցին Մ. Սարյանի տուն-թանգարանին:
«Xolst» ստեղծագործական միավորումը հիմնվել է 2 տարի առաջ Մոսկվայում: Նրան անդամագրվեցին նկարիչներ,  որոնց հարազատ են 19 դարի վերջի և 20 դարի սկզբի ռուս վարպետներ` Վ. Պալենովի, Կ. Կորովինի, Վ. Սերովի ստեղծագործական սկզբունքները և որոնք ընթանում են մոսկովյան դպրոցի ավանդների մեծանուն շարունակողներ` Պ. Կոնչալովսկու, Վ. Զաբելինի, Ա, Սուխովեցկու ետևից: Միավորման ղեկավարն ու ուսուցիչն է հանդիսանում Դմիտրի Խոլկինը: Հետամուտ լինելով ռուսական գեղանկարչական դպրոցի մեծերի ժառանգությանը  «Xolst» միավորման նկարիչներ Վիոլետա Գոլդինան, Իրինա Կովալևսկայան, Վիկտորյա Կուզմինան, Ելենա Պավլովան, Մարիաննա Չայկինան, Դմիտրի Խոլկինը, շարունակում են  զարգացնել պլեներային գեղանկարչության ավանդները, որտեղ գույնը և լույսը հիմնարար դեր են խաղում նկարի տարածական կառուցվածքում, իսկ գեղանկարչության գեղեցկությունը հանդիսանում է գեղարվեստի գլխավոր նպատակը:
2012 թվականին  «Xolst» ստեղծագործական միավորումը ձեռնարկեց մի շարք ուղևորություններ Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Հայաստան և ցուցադրեց իր աշխատանքները Մոսկվայում  («Նկարիչների կենտրոնական տանը», «Կինո «պատկերասրահում), Կազանում (Կազան-Էրմիտաժ թանգարանում, Արտ-Էկո պատկերասրահում), Վերոնայում («Նորարարություն և ինտեգրացիա» միջազգային ֆորումում, Իտալիա), Երևանում (Երևան քաղաքի պատմության թանգարանում):

   

Հայաստան կատարած 2012թ.  սեպտեմբերյան ճամփորդությունը  նկարիչների համար  դարձավ տարվա ամենավառ  տպավորությունը: Բնության գեղեցկությունը, զարմանալի բնաշխարհը, բարդ պատմական ուղին, հարուստ մշակութային ժառանգությունը, հայ ժողովրդի սրտաբացությունը և հյուրընկալությունը ոգևորեցին նկարիչներին ստեղծելու Հայաստանին նվիրված շարք: Ծանոթությունը 20-րդ դարի հայ դասականների կյանքի և ստեղծագործության հետ, հիանալի էքսկուրսիան Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, անմիջական շփումը վիթխարի կյանքի ճանապարհ անցած, Կ. Կորովինի և Վ. Սերովի արվեստանոցներում ուսանած և Հայաստանի ազգային գեղանկարչության դպրոցը հիմնած հայ մեծ  մշակութային գործչի  ստեղծագործության հետ խոր արձագանք գտավ «Xolst»  միավորման նկարիչների հոգում  և ոգևորեց նրանց շարունակել մշակութային կապերի և բարեկամական օգնության երկխոսությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև:

փետրվարի 21
Բարեգործական աճուրդ Մ. Սարյանի տուն-թանգարանի օգտին
   

2013 թվականի փետրվարի 21-ին Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում, Արտ-ֆինանս ընկերության, «Սոթբիս» աճուրդի տան Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ներկայացչության ղեկավար Միխայիլ Կամենսկու  գլխավորությամբ և «Նաջար»  պատկերասրահի աջակցությամբ  տեղի ունեցավ բարեգործական աճուրդ:

Աճուրդին ներկայացված էին «Xolst»  միավորոման նկարիչների 7 նկար, որոնք ստեղծված էին Հայաստան կատարած ստեղծագործական շրջագայության ժամանակ:
Աճուրդի արդյունքում շահած մոտ 120 000 դոլարը փոխանցվեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին` հայ մեծ նկարչի մշակութային ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու նպատակով:
 

Բարեգործական ակցիային միացավ նաև «Երևան» ամսագիրը`
նվիրաբերելով Մ. Սարյանի տուն-թանգարանի ֆոնդին
Մ.Սարյանի վրձնած «Մ. Պաստուխովա-Դմիտրիևայի» դիմանկարը:

 

Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 58 05 68
info@sarian.am