|
|
|
Սեպտեմբերի 15-ին Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում բացվեց «Ուրիշ ափեր: Ռուսական արվեստը Նյու-Յորքում.1924 թ» /«Другие берега. Русское искусство в Нью-Йорке. 1924»/, որին Մ. Սարյանի տուն-թանգարանը մասնակցում է Մարտիրոս Սարյանի «Արաբ պարուհին» /1913/ նկարով:
1924 թ. Նյու-Յորքի Կենտրոնական Մեծ պալատում բացվեց Ռուսական արվեստի ցուցահանդեսը, որը ԱՄՆ էր տեղափոխվել Շվեդիայի Մալմյո քաղաքից, որտեղ դեռևս 1914 թ. կազմակերպված էր նույնանուն Բալթյան ցուցահանդեսը: Մարտիրոս Սարյանն այդ ցուցահանդեսին ներկայացրել էր 6 նկար: Առաջին համաշխարհային պատերազմի, այնուհետև ռուսական հեղափոխության և քաղաքացիական պատերազմի հետևանքով Շվեդիայի հետ խզված դիվանագիտական հարաբերությունների պատճառով նկարները շուրջ 10 տարի չէին վերադարձվում նկարիչներին, որոնց մի մասն արդեն գաղթել էր Եվրոպա և ԱՄՆ, մյուս մասն ապրում էր Ռուսաստանի իրավահաջորդ ՍՍՀՄ-ում: Նկարիչ, ակադեմիկոս Ի. Գրաբարի ակտիվ մասնակցությամբ ԱՄՆ-ում կազմակեորպվեց վերոհիշյալ ցուցահանդեսը, և ռուս նկարիչների, այդ թվում Մ. Սարյանի գործերը, նավով տեղափոխվեցին Մալմյոյից դեպի Նյու-Յորք: Ցուցահանդեսը տևեց ընդամենը 20 օր, որից հետո բաժանվեց երկու մասի՝ մեկը հյուսիսային, մյուսը հարավային և մինչև 1926 թիվը շրջագայեց ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքներով: Սարյանի «Արաբ կինը» /1913 թ. / ձեռք բերվեց Նյու-Յորքցի Ռոզենցվեյգ ազգանունով արվեստի հավաքորդի կողմից:
Այսօր Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում ներկայացված են այս պատմական ցուցահանդեսին մասնկակցած նկարիչների գործերը, որոնք հավաքագրվել են աշխարհի տարբեր երկրների թանգարաններից և մասնավոր հավաքածուներից, այդ թվում Հայաստանի ազգային պատկերասրահից Արիստարխ Լենտուլովի «Սերգիև Պոսադ» և Մ. Սարյանի տուն-թանգարանից Մարտիրոս Սարյանի «Արաբ պարուհի» նկարները: Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանի կողմից արված է վիթխարի գիտական և հավաքչական աշխատանք, տպագրվել է հրաշալի կատալոգ, ներդրվել են խոշոր միջոցներ բարերարների և մեկենասների կողմից, որոնց թվում է Հայաստանի «Արարատ» կոնյակի գործարանի ռուսական մասնաճյուղը:
Ցուցահանդեսի բացումը կազմակերպված էր առանձին շուքով, անցյալ դարի քսանական թվականներին համապատաղխանող շնչով և նորաձևությամբ: Ներկա էին ութ երկրների դեսպաններ, հայտնի արվեստաբաններ, արվեստագետներ, թանգարանային գործիչներ, գործարարներ:
|