Մ. Սարյանի տուն-թանգարանը, իրագործելով Մարտիրոս Սարյանի արվեստի պահպանության և հանրահռչակման իր հիմնական առաքելությունը, միաժամանակ հանդիսանում է լուսավորչական, կրթամշակութային կենտրոն:
Թանգարանային գործունեության առանձնահատուկ ոլորտ է աճող սերնդի հետ տարվող կրթական աշխատանքը: Երեխաների և պատանիների համար թանգարանը, հատկապես, հետաքրքիր և գրավիչ է դառնում, երբ իրենց նվիրված միջոցառումն անցկացվում է տվյալ արվեստի օջախում՝ իրենց անմիջական մասնակցությամբ:
Այս նպատակով Մ. Սարյանի տուն-թանգարանում հատուկ կրթական, մշակութա-դաստիարակչական ծրագրեր են ստեղծվում: Դրանք են՝ դաս-մրցույթը, ցուցահանդես-մրցույթը, խաղ-էքսկուրսիան, դասախոսությունները և այլն:
    ՏՈՒՆ - ԹԱՆԳԱՐԱՆ  »  ԾՐԱԳՐԵՐ



2016թ.     «Սարյան» արվեստի ստուդիա

Մ. Սարյանիտուն-թանգարանը վերաբացումից /նոյեմբերի 8, 2016թ./հետո շարունակում է իր գիտակրթական գործունեությունը՝ հանդես գալով մի շարք կրթական և գիտամշակութային ծրագրերով: Այդ ծրագրերի շրջանակում նոյեմբերի 15, 2016թ. թանգարանում հիմնվել է Սարյան արվեստի ստուդիան, որտեղ պրոֆեսիոնալ մասնագետների կողմից ուսուցանվում է կերպարվեստ և արվեստի պատմություն:
Դասընթացի առաջին փուլն ավարտված է: Այն տևեց 3 ամիս և ավարտվեց սաների աշխատանքների ցուցահանդեսով: Վերջինս տեղի ունեցավ Մ. Սարյանի ծննդյան 137 ամյակին ընդառաջ՝ փետրվարի 26-ին, 2017թ.: Ցուցահանդեսին մասնակցեց 22 աշխատանք, որոնք երկու օր ցուցադրվեցին Վարպետի արվեստանոցում՝ նրա նկարների օրհնության ներքո: Ստուդիայի եռամսյա ծրագրի մասնակից սաներին հանձնվեցին հավաստագրեր:
Մարտի 1-ից մեկնարկել է դասընթացի նոր փուլը` 5 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար: Այն կգործի անընդմեջ՝ իր մեջ ներառելով կերպարվեստի հիմունքներ և արվեստի պատմություն:
Ցանկացողները կարող են դիմել Մ. Սարյանի տուն-թանգարան:
Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար զանգահարել՝ (010) 58-05-68; (093) 59-62-50 հեռախոսահամարներով:

19/09/2009     «ՆորնախիջԵՎանյան բնանկար»

   
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում կազմակերպվեց «Նորնախիջևանյան բնանկար» խորագիրը կրող ցուցահանդես-մրցույթը՝ Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի ուսանողների մասնակցությամբ: Ընտրվել էր 6 ուսանող ՀՊԳԱ դեկան Խ. Ազիզյանի խորհրդատվությամբ: Ուսանողները նախապես հրավիրվեցին թանգարան, նրանց ցուցադրվեց Նոր Նախիջևանի մասին պատմող տեսաֆիլմ, բնությունը պատկերող լուսանկարներ, ընթերցվեցին հատվածներ Մ. Սարյանի հուշերից, որտեղ նկարիչը նկարագրում է իր ծննդավայրի բնությունը:
Ուսանողներն իրենց տպավորությունները հանձնեցին կտավին Մ. Սարյանի արվեստանոցում: Մեկ ամիս աշխատանքները ցուցադրվում էին թանգարանում: Այդ ընթացքում այցելուները հնարավորություն ունեին գնահատելու և իրենց տպավորություններն արտահայտելու այս աշխատանքների վերաբերյալ: Արդյունքում հաղթող ճանաչվեց գեղանկարչության բաժնի երկրորդ կուրսի ուսանող Նարեկ Արզումանյանը: Վերջինս իր աշխատանքը նվիրեց թանգարանին:
Բոլոր մասնակիցները թանգարանի կողմից պարգևատրվեցին գովասանագրերով և հուշանվերներով:

18/05/2009     «Գարնանային նատյուրմորտ»

Թանգարանների միջազգային օրվա առթիվ Մ. Սարյանի տուն-թանգարանում կազմակերպվեց գեղանկարչական ցուցահանդես-մրցույթ, որը կրում էր «Գարնանային նատյուրմորտ» խորագիրը: Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի ուսանողները Սարյանի արվեստանոցում դասական երաժշտության հնչողության ներքո նկարում էին նատյուրմորտ, որի կոմպոզիցիան բաղկացած էր Վարպետին պատկանող իրերից. ծաղկաման, որի մեջ դրվեցին դաշտային ծաղիկներ, թեյի բաժակ, դեկորատիվ զարդանախշով կտորներ:
Մի ամբողջ օր ուսանողները պատկերում էին իրենց առջև դրված նատյուրմորտը, իսկ այցելուները հնարավորություն ունեին հետևելու նրանց ստեղծագործական աշխատանքին: Մասնակիցները հինգն էին, որոնցից երկուսը գրաֆիկայի բաժնի ուսանողներ էին, երեքը` գեղանկարչության: Աշխատում էին յուղաներկով: Ինչպես ցույց տվեց վերջնական արդյունքը, նրանցից ամեն մեկը յուրովի էր ընկալել կոմպոզիցիան: Աշխատանքները երկու շաբաթ ցուցադրվեցին Սարյանի արվեստանոցում, և այցելուները հնարավորություն ունեցան տեսնելու ու գնահատելու դրանք: Յուրաքանչյուր մասնակից ուներ իրեն հատկացված թերթիկ, ուր այցելուն իր նախընտրության համաձայն գրանցում էր իր տպավորությունը կամ բարեմաղթանքները:
Մի քանի մեջբերում թերթիկներից.
«Ցանկանում եմ վրձնի անսպառ երևակայություն»:
«Երբ ես նայեցի այս նկարին, դեռ չգիտեի, որ Սարյանի աշխատանքը չէ: Ինձ շատ դուր եկավ Ձեր աշխատանքը»:
«Կեցցե´ք: Ձեր աշխատանքն ինձ շատ դուր եկավ: Կարծում եմ` դեռ չեմ կորցրել իմ ճաշակը գեղեցիկի նկատմամբ: Մեկ անգամ ևս շնորհակալություն»:
«Կարմիրն արժեքավորում է ողջ ծաղկեփունջը, և իմ կարծիքով, ջերմության, արևի ֆոն է դառնում այս նկարի համար»:
«Ես նախընտրում եմ այս նկարը, որը շատ տարածական է և էներգիայով լեցուն»:
Երկու շաբաթ անց` մայիսի 31-ին, ամփոփվեցին ցուցահանդես-մրցույթի արդյունքները: Մ. Սարյանի տուն-թանգարան էին հյուրընկալվել Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, դեկան Խաչատուր Ազիզյանը և ուսանողներ: Ըստ այցելուների գնահատականների` ցուցահանդես–մրցույթում հաղթող ճանաչվեց գեղանկարչության բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Մարինե Աբրահամյանը: Բացի այցելուներից, իր գնահատականը տվեց նաև Մ. Սարյանի տուն-թանգարանի աշխատակազմը: Վերջինիս համակրանքին արժանացավ գեղանկարչության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Էմին Մինասյանի աշխատանքը:
Բոլոր մասնակիցներն էլ պարգևատրվեցին թանգարանի կողմից:
Ուսանողները շատ ոգևորված էին ու հպարտ, որ իրենց աշխատանքները ցուցադրվել են Մեծն Սարյանի աշխատասենյակում:

03/04/2009     «Այն զարմանահրաշ աշխարհը, որ կոչվում է թանգարան»

Մ. Սարյանի տուն-թանգարանի կրթական ծրագրերից է դաս-մրցույթը, որի հետաքրքիր օրինակ էր «Այն զարմանահրաշ աշխարհը, որ կոչվում է թանգարան» խորագիրը կրող միջոցառումը: Նախագծի նպատակն էր երեխաներին ծանոթացնել Մ. Սարյանի կյանքին ու ստեղծագործությանը, թանգարանային գործին և արվեստի խնդիրներին: Նախագիծը բաղկացած էր 2 մասից: Առաջին մասն ընդգրկում էր հանդես. երեխաներն ընթերցեցին Մ. Սարյանի մտորումներն արվեստի մասին, իսկ երկրորդ մասն արդեն բուն դաս-մրցույթն էր: Մասնակիցները Խ. Աբովյանի անվան №84 և Ալ. Շիրվանզադեի անվան №21 միջնակարգ դպրոցների միջին դպրոցական տարիքի աշակերտներ էին: Նրանց տնօրենների համաձայնությամբ և աջակցությամբ անցկացվեցին երկշաբաթյա դասընթացներ դպրոցներում, այնուհետև էքսկուրսիա` թանգարանում:
Դաս-մրցույթին յուրաքանչյուր դասարանից մասնակցում էր 7-ական աշակերտ: Նրանք պատասխանեցին 21 հարցի. ի՞նչ է թանգարանը, ի՞նչ բնույթի թանգարաններ կան, ո՞վ է Մ. Սարյանը, հայ ո՞ր գրողների գրքերն է նկարազարդել Մ. Սարյանը և այլն: Մրցույթը գնահատում էր ժյուրին: Ժյուրիի նախագահն էր Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, իսկ անդամները` գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը և ավագ գիտաշխատող Դալյա Ստոշկուտեն: Վերջում, մինչ մրցույթի արդյունքներն ամփոփելը, հյուրերը /ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ/ դիտեցին «Մարտիրոս Սարյան» վավերագրական ֆիլմը` նվիրված Վարպետի 85-ամյակին: Մրցույթում հաղթող ճանաչվեց Խ. Աբովյանի անվան №84 միջնակարգ դպրոցի «Կախարդիչ գույներ» թիմը:
Թիմերը պարգևատրվեցին Մ. Սարյանի տուն-թանգարանի կողմից իրենց ակտիվ մասնակցության համար: Միջոցառման ավարտից հետո աշակերտներին հանձնարարվեց գրել շարադրություն «Այն զարմանահրաշ աշխարհը, որ կոչվում է թանգարան» վերնագրով:
Շարադրություններից մի քանի մեջբերում.
«Ես մի շարք թանգարաններ եմ այցելել, օրինակ Երևան քաղաքի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Հովհաննես Թումանյանի թանգարան և այլն, սակայն ինձ համար ամենահետաքրքիրը և հիշարժանն այցելությունն էր Մ. Սարյանի տուն-թանգարան, քանի որ այնտեղ մրցելու էինք մեր հասակակիցների հետ»:
«Մի քանի ժամվա ընթացքում մենք հայտնվել էինք զարմանահրաշ աշխարհում, ուր գույների բազմազանություն էր, և այդ գույներն իրենց մեջ լույս էին կրում»:
«Թանգարանում ամեն ինչ գեղեցիկ է, խորհրդավոր, այն իր մեջ մեծ արժեք ու խորհուրդ ունի»:


Խաղ-էքսկուրսիա` «Սարյանի գույները»

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կրտսեր և միջին դպրոցական տարիքի երեխաների /6-14 տարեկան/ համար կազմակերպում է հատուկ էքսկուրսիա, որն անցկացվում է ինտերակտիվ ձևով, երեխաներին ներգրավելով խաղի: Այն, ավանդական էքսկուրսիայից տարբերվում է նրանով, որ առավել շեշտված ծանոթացնում է գույնի ընկալումներին Սարյանի գեղանկարչության մեջ և ունի նաև խաղային մաս, որի ժամանակ երեխաները ակտիվորեն արտահայտում են էքսկուրսիայից ստացած իրենց տպավորությունները, ցուցաբերում արդեն ձեռք բերած գիտելիքը գույնի, դրա նշանակության մասին:
Խաղ-էքսկուրսիայի ավարտից հետո էքսկուրսավարը երեխաներին տալիս է հինգ հարց, և պատասխանողներն արժանանում են «Գիտունիկ» կոչմանը: Այնուհետև երեխաներին բաժանվում են Մ. Սարյանի նկարների ուրվապատկերները և առաջարկվում է հիշողությամբ ներկել դրանք սարյանական գույներով: Էքսկուրսիայի ընթացքում այդ նկարներին առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում: Ուրվապատկերները գունավորվում են նկարչի արվեստանոցում, ինչը առավել ներշնչում է երեխաներին և տպավորվում որպես վառ հիշողություն:

Այսպիսով խաղ-էքսկուրսիայի հիմնական նպատակն է ձևավորել ժամանակակից գեղագիտական ճաշակ, փոխանցել գիտելիք արվեստի, գունային մտածողության, գույնի ներքին բովանդակության մասին՝ հայ գեղանկարչության նահապետ Մարտիրոս Սարյանի ստեղծագործություների միջոցով:


Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 52 16 07
info@sarian.am