Սերգեյ Մակովսկի, արվեստի քննադատ, 1911
-
Սարյանի աշխատանքներն ապշեցրին ինձ իրենց առինքնող ֆանտաստիկայով, գծանկարի ու գունավորման սուր պարզեցմամբ և, գլխավորը, նկարագրի ինքնատիպությամբ, մանկականությամբ, որը չէր հիշեցնում փարիզյան և մոսկովյան պրիմիտիվիստներից և ոչ մեկին։ Յուրաքանչյուր «Հեքիաթում» կախարդանքի, ներշնչման ուժ կար, որի շնորհիվ գծերի անորսալի թեքումներն ու գունագեղ բծերի ոլորքը, դիտումնավոր արված ոչ ճիշտ համամասնությունը կամ ակամա ընդգծված մանրամասը դառնում են ամենայն ճշմարտանմանությունից առավել համոզիչ և դիտողին ընկղմում մոգական աշխարհ։
Ալեքսանդր Բենուա, նկարիչ, արվեստաբան, 1911
-
...Սարյանի մեջ թաքնված է խոշոր ու հրաշալի արվեստագետը։ Բոլոր տվյալներն այստեղ առկա են։ Նա օժտված է գույների մեծ նրբազգացողությամբ, որոնք նրա մոտ առանձնապես հաճելի են, համարձակ, բնույթով վայելուչ և միևնույն ժամանակ գրավիչ վայրենիորեն։ Նրա գծանկարն էլ է ինքնուրույն, տարօրինակ, անկյունասուր, սակայն իր մեջ ճշմարիտ ուժ, իրական ոճ պարփակող։
Մաքսիմիլիան Վոլոշին, բանաստեղծ, քննադատ, 1913
-
Սարյանը առաջնորդվել է գծանկարի և գույնի հավասարաչափ պարզեցման սկզբունքով: Գույնի ինքնատիպ ընտրության մեջ նա դրսևորվում է միաժամանակ և՛ գունանկարիչ, և՛ իրերի հոգու գաղտնիքները վերծանող... Նրա երակներով հոսող արյան կանչը նրան հուշում է մաքուր արևելյան գույների համանվագը՝ մի պարզ տոնով շեշտելով մյուսը, նա կարողանում է ստեղծել բազմազանության և շքեղության տպավորություն...
Իր արևելյան ոգու բնատուր բնազդով նա կարողացավ միաձուլել ժամանակակից եվրոպական գեղանկարչության սուր գունային տարանջատումը արևելյան արվեստի պարզ ձևերի համադրման հետ: Նրա մեջ եվրոպական հոսանքները դիմեցին իրենց ակունքներին, և բնականորեն և հեշտ ստացվեց ինքնատիպ, ամուր և ներդաշնակ երևույթ:
Կոստան Զարյան, գրող, 1923
-
Սարյանի ստեղծագործությունը արևելյան ոգու մի նոր հայտնություն է... Նրա ամեն մի պատկերավորումը դրսևորումն է այն առանձնահատուկ աշխարհի, ուր մենք դարեր շարունակ ապրում ենք՝ առանց հասկանալու նրա լինելիության հիմնական տոնը... Սարյանի արվեստի բարձրագույն դրսևորումը ազգային ոճն է... Մեծ համբերությամբ, մեծ սիրով, ներքին տարերային պահանջից մղված` Սարյանը կարդում է բնության գրքի այդ նոր էջը, որն իր հոգին է, իր իսկ էությունը։ Նա կարող է ասել Տագորի պես` «Ես հրավիրված էի աշխարհի կոչունքին` և այդպիսով իմ կյանքը օրհնվեցավ։ Աչքերս տեսան և ականջներս լսեցին»։
Ջուզեպպե Սպրովիերի, արվեստի քննադատ, 1924
-
...Սարյանի պատկերները վառ արտահայտությունն են այնպիսի հզոր ու ինքնատիպ խառնվածքի, որ չեն կարող խորագույն տպավորություն չթողնել դիտողի վրա։ Նրա թե՛ գույները և թե՛ գծանկարը մեծ ուշադրության են արժանի ժամանակակից արվեստի տեսակետից։ Նույնիսկ դժվար է ասել, թե այդ երկու կողմերից ո՞րն է նրա մեջ ավելի ուժեղ։ Սարյանն ունի արևմտյան նկարիչներին, օրինակ` Մատիսին հիշեցնող ինչ-որ բան։ Դա օրիենտալիզմին հատուկ գծեր են։ Ի դեպ, Սարյանը տարբերվում է նրանից իր բացառիկ, առավել անմիջական ու հստակ ուժով, այլ խոսքով՝ պակաս դատողականությամբ։
Նիկոլայ Պունին, արվեստի տեսաբան, 1932
-
Սարյանը նորարար է։ Նա կանգնած է այն եվրոպական նկարիչների շարքում, որոնք անցյալ դարի վերջին քառորդից սկսած` եվրոպական արվեստի սահմաններից դուրս պրպտում էին նոր ավանդույթներ, ձևերի նոր լեզու` արտահայտելու համար հին եվրոպական դասական աշխարհին անհայտ ու անհասկանալի նոր զգացումներ։ Սարյանը, ինչպես և նրանք, ուղիներ որոնող է ու հայտնաբերող։ Նրա բովանդակ ստեղծագործության մեջ առկա են պատկերածի սրությունն ու հանդգնությունը։ Սարյանն ունի մի առանձնահատկություն, որի դրոշմը կրում են նրա գրեթե բոլոր գործերը, բռնկվող ուրվագիծը... Այստեղ է (և ոչ թե գունանկարում, ինչպես կարծում են շատերը) թաքնված այն խորհրդավորը, «մոգականը», ինչը զատում է Սարյանին առհասարակ տաղանդավոր և ձևականորեն կիրթ վարպետների շարքից։
Սարյանը Հայաստանի զավակն է, սերում է Արևելքի հողից, արտահայտում նրա մշակույթը, կենդանի մեկնիչն է նրա կերպարների և նրա հինավուրց նկարչական-պլաստիկ լեզվի բոլոր առանձնահատկությունների։
Անատոլի Լունաչարսկի, գրող, 1933
-
Գործունեության առաջին իսկ շրջանում Սարյանը գրավեց շատ երևելի տեղ։ Նա բացառիկ արտասովոր գույներ տվեց, ոչ ոքի կողմից չկիրառված ոճ։ Սարյանը գույնի խոշոր երաժիշտ է, ճշմարիտ արվեստագետ, կոմպոզիտոր և կրքոտ բանաստեղծ։ Իր առինքնող պատկերները նա կառուցում է կենդանի Հայաստանի կենդանի հողի վրա։
Ալեքսանդր Ռոմմ, արվեստաբան, 1944
-
Ամեն ոք, նույնիսկ Հայաստանը չճանաչելով, բայց հնարավորություն ունենալով մոսկովյան ցուցահանդեսներում զմայլվելու Սարյանի կտավներով, պիտի որ սիրով լցվեր դեպի այդ լուսաշող երկիրը: Նրա բնությունը, կենցաղը, ճարտարապետությունը Սարյանը ներկայացրել է բազմազան, բայց միևնույն ժամանակ նույնքան հրաշալի մատուցմամբ: Նա անմահացրել է սառցե հսկա Արարատը, հին Երևանի հմայքը...լեռների ստորոտներում գտնվող բնակավայրերը, ստվերոտ այգիների մտերմիկ գրավչությունը, հարմարավետ բակերը և լեռնաշղթաների վեհությունը:
Իլյա էրենբուրգ, գրող, 1959
-
Սարյանը գեղանկարչական ռեալիստ էր հենց այն օրվանից, երբ վրձնեց իր առաջին բնանկարը։ Նա զարմանալիորեն ամբողջական է ու հետևողական։ «Մաներա» բառը նրան չի վայելում, մաներան կարելի է իսկապես փոխել, իսկ աչքը և սիրտը` երբեք։ Սարյանը լոկալ (տեղային) նկարիչ չէ, նրա արմատները հայկական հողում են, նրա վրձինը սահմաններ չի ճանաչում։
Ալֆրեդ Բար, Նյու Յորքի արդի արվեստի թանգարանի տնօրեն, 1959
-
Ես երջանիկ եմ, որ եղա Հայաստանում, հանդիպեցի նրա նկարիչներին։ Չեմ թաքցնի, հատկապես արժանահիշատակ էր հանդիպումս Մարտիրոս Սարյանի հետ։ Վրձնի այդ հռչակավոր վարպետի հետ ծանոթացել էի դեռևս 1928 թվականին, երբ առաջին անգամ այցելեցի Խորհրդային Միություն։ Ինձ համար շատ հաճելի էր մի քանի ժամ անցկացնել այդ հիանալի մարդու արվեստանոցում։ Ես մեծ հետաքրքրությամբ ծանոթացա ավելի քան կեսդարյա ընթացքում (1905-1959) նրա ստեղծած կտավներին։
Կենսական ուժերով լեցուն Սարյանը, ինչպես և Պիկասոն, առաջվա պես երիտասարդ է իր արվեստով։
-
Հայաստանի լույսը հասնում է մեզ շնորհիվ Մարտիրոս Սարյանի։ Լույս երջանիկ` մարդկանց, լեռների, մրգերի վրա... Սա մի գանձ է վերագտնված։ Այնքան գեղեցիկ է նրա գույնը, որ դարերը Սարյանին պիտի առաջնակարգ տեղ հատկացնեն մեր Սեղանի ու Մատիսի կողքին... Նա երջանկության նկարիչն է։
Վիլյամ Սարոյան, գրող, 1961
-
Ձեր գործերը լույսի խուրձ են, որ տեսանելի են դարձնում գեղեցկությունն ու արժանիքն այն մարդկանց ու այն աշխարհի, ուր նրանք ապրում են։ Ձեր նկարները հագեցնում են բոլոր նրանց հոգին ու միտքը, ովքեր ընդունակ են ընկալել դրանք։ Ձեր կտավները հիացում ու սեր են հարուցում կյանքի պարզ ու անեղծ երևույթների հանդեպ, հողի, առվակի, քարերի, լույսի, բույսերի, ծառերի, ցորենի, մրգերի, ջրի, գինու, բուն ճշմարիտի նկատմամբ։
Ի՜նչ երջանիկ ենք, որ ունենք Ձեզ, Ձեր աչքերը, Ձեր ձեռքերը, Ձեր բարեպաշտ հոգին, Ձեր արվեստը։
Դմիտրի Շոստակովիչ, կոմպոզիտոր, 1963
-
Մարտիրոս Սարյանի արվեստը թանկ է ոչ միայն հայ ազգի համար, այլև ամբողջ աշխարհի: Այն թանկ և հարազատ է ոչ միայն նկարիչների՝ այլ և մեր՝ երաժիշտների համար: Ես չեմ պատկերացնում իմ կյանքը առանց արվեստի, որը կերտել է Սարյանը, որի հետ մտերիմ եմ եղել երկար տարիներ: Սարյանը ողջ մարդկության և մշակույթի մեծագույն հպարտությունն է:
Մարիետտա Շահինյան, գրող, հրապարակախոս, 1965
-
Տարակուսելով, թե որտեղից է հոսում Սարյանի կտավներից զարմանալի ներդաշնակությունը դիտողի վրա , հանդիպում ես նրան բնորոշ շատ վառ կարողությանը՝ մարելու հոգու անհանգստությունը. ցանկացած խռովք՝ գույների, գծերի, ծավալների, չափերի ներգործությունների և բախումների ու մարված անհանգստությունը դառնում է այն հզոր գործոնը՝ ափեափ լցված հաճույքի, կեցության այնպիսի իրական զգացումի, այնպիսի անվիճելի համոզվածության, աննախադեպ անկեղծության, որ մի պահ թվում է մահ գոյություն չունի:
Սերգեյ Կոնյոնկով, քանդակագործ, 1965
-
Մարտիրոս Սարյանն, անշուշտ, ամենամեծ նկարիչն է Հայաստանի պատմության մեջ։ Նրա արվեստի մեծությունն այն է, որ իր կյանքում ծաղկեցրեց ժողովրդի հոգին։ Սարյանի արվեստը բերկրանք է պարգևում մարդկանց։ Դա ամբողջովին պոեզիա է։
Սարյանի արվեստը հիրավի կյանքի գովերգման արվեստն է, սուրբ հավատ մարդու և երկրի երեսին նրա ստեղծածի նկատմամբ:
Մինաս Ավետիսյան, նկարիչ, 1965
-
Սարյանը դեռևս հավուր պատշաճի գնահատված չէ աշխարհի կողմից, և դա Սարյանի մեղքը չէ: Նույնպես և աշխարհին քիչ հայտնի է մեր Նարեկացին, Կոմիտասը: Ավելի կարևոր է, որ մենք ինքներս խորությամբ ճանաչենք մեր սեփական հարստությունը՝ դարձնելով այն լուսաստղ:
Դմիտրի Սարաբյանով, արվեստաբան, 1971
-
... Սարյանը կարիք չուներ դիմելու Արևելքին որպես մի նոր «ավետյաց երկրի», որը արվեստագետին ազատագրում է քաղաքային ցիվիլիզացիայից և տալիս է նրան անկրկնելի վառ գույներ, հողի ու մարդկանց հավերժական անձեռնմխելիություն։ Արևելքը հարազատ էր Սարյանին, նա կրկին ընդունեց նկարչին իր գիրկը՝ նրան վերադարձնելով հայրենիքը։
... Նա ճանաչեց Արևելքի մարդկանց, որոնք հազարամյակների ընթացքում «հղկել էին» իրենց արտաքինը, շարժումները, իրենց պլաստիկան, նրբագործել հոգին, մշակել սեփական բարոյականությունը, ճկունացրել իրենց միտքը, սովորել արտահայտել այն բանաստեղծական բանաձևերով։
Ալեքսանդր Կամենսկի, արվեստաբան, 1972
-
Սարյանն իր արվեստի ամենանվիրական խորքերում կրում է կենսահաստատման նորարար պոեզիան: Նա ապրեց և դրամատիկ զգացումներ, և կյանքի բազում տխրություններ: Բայց նա կարողացավ տառապանքների միջով՝ հենվելով իր ժողովրդի հոգևոր փորձի վրա, հասնել բարձր ու վեհ փիլիսոփայական երջանկության:
Դրանով էլ ավելի բովանդակալից, ավելի մարդասիրական է նրա նկարների գեղեցկությունը: Նա ստեղծել է այն խորը հոգևոր մաքառումների գնով: Դրանով է այն թանկ մեր ժամանակներում՝ ցնցված բազում համաժողովրդական ողբերգություններով և քաղաքակրթության բարդ հակասություններով:
Ռենատո Գուտտուզո, իտալացի նկարիչ, 1975
-
Իր արվեստում Սարյանը երբեք չի մոռանում իր մշակույթը։ Սխալ կլիներ կարծել, թե նրան առաջնորդում է սոսկ բացառիկ զորեղ բնազդը։ Ոչ, Սարյանի արվեստը վերահսկվող, մշակութային արվեստ է։ Ուստի, ես կարծում եմ, ի դեմս Սարյանի պետք է տեսնել ոչ միայն հայ մեծ նկարչի, հայրենի երկրի ազգային պոետի, այլ նաև ուժեղ ու նուրբ Վարպետի, որը երևելի տեղ է գրավում մեր քսաներորդ դարի առաջին կեսի ոչ մեծաքանակ ճշմարիտ նկարիչների շարքում։
Շահեն Խաչատրյան, արվեստաբան, 1995
-
Սարյանն իր մեծ ավանդն ունի ռուսական գեղանկարչության զարգացման մեջ, իսկ ինչպես «կապույտ Ֆովիստ» (այդպես էին նրան անվանում Փարիզում), նրա արվեստը հարում էր ֆրանսիական գեղանկարչության նորագույն տենդենցներին: Բայց մյուս կողմից, Սարյան երևույթը որպես հայ նկարիչ, պայմանավորված էր ազգային մշակույթի ընդհանուր վերելքով: Ազգի համար, որն ուներ հնագույն ավանդույթներ, մշակութային վերածնունդը պատմական անհրաժեշտություն էր: Պոեզիան և թատերական արվեստը «ոսկե դար» ապրեցին: Թ.Թորամանյանը գիտականորեն հիմնավորեց հայկական ճարտարապետության ինքնատիպությունը, Կոմիտասն աշխարհին ներկայացրեց հայկական երաժշտությունն իր ողջ մաքրությամբ: Ինչպես այդ համաստեղության ներկայացուցիչ, Սարյանին հաջողվեց բացել նոր ճանապարհ ազգային ոճի, հայկական գեղանկարչությունը բարձրացնել ժամանակակից մակարդակի: Դա հանճարի առաքելություն էր:
Վերա Ռազդոլսկայա, արվեստաբան, 1998
-
Իր ստեղծագործական ուղու սկզբին Սարյանը հնարավորություն ունեցավ հաղորդակցվելու եվրոպական, ավելի ճիշտ` ֆրանսիական արվեստի փորձին, և այդպիսով մուտք գործեց իր ժամանակի գեղարվեստական կյանք ոչ միայն ռուսական, այլև եվրո¬պական գեղարվեստական մշակույթի առաջավոր ավանդույթների մակարդակով։ Նրա արվեստը սնուցում էին Հայաստանը և, ավելի լայն, Արևելքը, Ոուսաստանը և Արևմուտքը։ Եվ տպավորությունների ու ավանդույթների ողջ բազմազանությունը և հարստությունը Սարյանը կարողացավ համաձուլել մեկ ամբողջական, խորապես ինքնատիպ ոճի մեջ, որը մշտապես կրում է նրա վառ ու զորեղ անհատականության, անկրկնելի աշխարհընկալման կնիքը։
Հակոբ Հակոբյան, նկարիչ, 1972
-
Սարյանի նկարչությունը մեր ժողովրդի ժպիտն է։ Չկա կյանքում ոչինչ ավելի գեղեցիկ, քան ժպիտն է և ուրախության ժպիտ հարուցելու ընդունակությունը։ ժպիտը դժբախտության ու ձախորդ օրերի հաղթահարիչն է։
Սարյանի կտավները բաբախում են երիտասարդ, առողջ սրտի պես` հաղորդելով մեզ հայրենասիրության կենսատու եռանդ ու բարության մեծ ուժ։
Ալեքսանդր Գրիգորյան, ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ
-
Մարտիրոս Սարյանն ապրելը համարում էր հրաշք, զարմանալի ու մեծ երջանկություն, որ երբևէ բնությունը կարող էր պարգևել մարդուն, և նա այդ խոր համոզմամբ ապրեց իր կյանքի տարիները՝ լի վարակիչ կենսախնդությամբ, պաշտեց արևն ու բնությունը և այն հարցին, թե ինչ է անում նա, որ երկար է ապրում, վարպետը պատասխանում էր.
- Ես բնության դեմ ոչ մի հակառակ բան չեմ արել, բնությունն էլ սիրում է ինձ։
Հարազատ լինել բնությանը, լինել նրա մեջ, նրա հետ, նրա պես անկեղծ։ Սա էր նրա հավատամքը, նրա արվեստի գաղտնիքը, բանալին։
Ժան-Կլոդ Մարկադե, արվեստաբան, 2003
-
Սարյանը գալիս է հողագործների միջավայրից։ Նա մանկությունից կապվել է բնությանը, որը սնել է նրան ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում... Հայ նկարիչը ստեղծում է սրբապատկերային իր լեզվով գույների երաժշտություն... Նա կերտել է այ¬լազան պատկերներ, ուր հիմնական դեր են խաղում ջերմ, լուսավոր ներդաշնակումները։ Գեղանկարչական արվեստը երբեք այնքան համահունչ չի եղել երաժշտական արվեստին, ինչպես Սարյանի մոտ է։ Նրա վրձինը արարման ամեն ակնթարթի անարատ գունեղություն-լուսավորություն է սփռում...
Կոնստանտին Պաուստովսկի, ռուս գրող
-
Սարյանն ամբողջ Հայաստանն է: Ոչ մի նկարիչ, Սարյանից բացի, գույներով այնպես չի հաղորդել նրա թափանցիկ օդը և նրա հազարամյա մառախուղը, վիթխարի, գրեթե առասպելական Արարատի և Արագածի ձյունափայլը, նրա արգավանդ հողի գույները, արևի խաղը խաղողի վազերի հետ, ժողովրդի գեղեցկությունն ու աշխատասիրությունը:
-
Սարյանը հեղինակել է մի սիմֆոնիա, որը կարիք չունի լեզվի՝ ինքնարտահայտվելու համար, որովհետև գույնը միակ անլեզու խոսքն է, հասկանալի բոլորին, որով խոսում է Մարտիրոսը, և մերը լինելով՝ եղավ բոլորինը:
|
|