Ի՞նչ է կյանքը։ Մի կղզի։ Մարդիկ դուրս են գալիս ծովից, անցնում են կղզու վրայով և նորից մտնում են ծովը։ Եվ այս կարճ կյանքը, որ մարդ ապրում է, շատ երկար բան է։ Ճանաչելով բնությունը՝ մենք փառաբանում ենք կյանքի հրաշք գեղեցկությունը։
Մեր ժողովուրդը հաստատել է երկրագնդի մեծ օրենքը, միշտ արևի հետ մնալու օրենքը։ Մենք կապված ենք արևին, նա դարեր շարունակ տանում է երկիրը, ո՞ւր է տանում, չգիտես։
Գալիս են նոր սերունդներ և շարունակ արևը մնում է մարդու մեջ, ամեն մեկի մեջ։ Ուրեմն, մնանք հավատարիմ այդ մեծ օրենքին։ Սիրենք կյանքը, սիրենք լուսավորը, սիրենք համերաշխությունը, սիրենք սերը և մեր գործով արդարացնենք բնության վստահությանը։
                                                                                                              ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
    ՄԱՐՏԻՐՈՍ  ՍԱՐՅԱՆ  »  ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ

   
Մարտիրոս Սարյանի կենսագրական տվյալների հիմնական աղբյուրը նկարչի հուշերն են` ամփոփված «Գրառումներ իմ կյանքից»(առաջին հրատարակությունը՝ հայերեն, խմբագիր Վ. Մաթևոսյան, 1966թ.) գրքում: Այստեղ շարադրված է նկարչի կենսագրության առաջին մեծ հատվածը՝ վաղ մանկությունից մինչև 1928 թվականը:
Երկրորդ հատվածը՝ 1929-1972թթ., ներկայացված է 1980 թվականին Վարպետի 100-ամյակին հրատարակված Մ. Ղազարյանի և Ա. Աղասյանի «Մարտիրոս Սարյան: Տարեգրություն» գրքում, ինչպես նաև Ա. Կամենսկու և Շ. Խաչատրյանի «Սարյանի մասին» ("Сарьяне") ժողովածուում:
Ներկայումս Սարյանի կենսագրությունը նոր տվյալներով համալրում է նկարչի նամականին, որը կազմում է տուն-թանգարանի տնօրեն Ռ. Սարյանը. I հատոր՝ 1908 -1928 (հր. 2002), II հատոր` 1929-1953 (հր. 2012), III-ը պատրաստվում է:
     

Մարտիրոս Սարյանը որդու՝ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի հետ, 1952

ՄԱՐՏԻՐՈՍ  ՍԱՐՅԱՆԻ  ԿՅԱՆՔԻ  ԵՎ  ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՌՈՏ  ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ

1880 թ. - Վարպետի ծնունդը

Մարտիրոս Սարգսի Սարյանը ծնվել է 1880 թ. փետրվարի 28-ին, Նոր Նախիջևան քաղաքում (այժմ Դոնի Ռոստովի մարզ), հողագործի ընտանիքում։

1883 թ. - Սամբեկ

Սարյանների ընտանիքը տեղափոխվում է Սամբեկ գետի ափ, տուն կառուցում և հիմնում իր տնտեսությունը։

1889-1895 թթ. - դպրոցական տարիներ

Սովորում է Նոր Նախիջևանի հայ-ռուսական քաղաքային ուսումնարանում։

1897-1903 թթ. - ուսումնառություն

Ստանում է նկարչական կրթություն Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Մեկուկես տարի հաճախում է դիմանկարի և ժանրի արվեստանոցները, որոնք ղեկավարում էին Վ. Ա. Սերովը և Կ. Ա. Կորովինը։

1901-1903 թթ. - առաջին այցելություն Հայաստան

Ամառային ամիսներն անցկացնում է Կովկասում և Անդրկովկասում: Այցելում է հին մայրաքաղաք Անի և Ախուրյան գետի ձոր: Ուղևորվում է նաև Թիֆլիս, Բաթում, Լոռի, Շիրակ, Էջմիածին, Աշտարակ, Հաղպատ, Սանահին, Սևան:

1903-1907 թթ. - «Հեքիաթներ և երազներ»

Ստեղծում է «Հեքիաթներ և երազներ» ջրաներկերի շարքը

1904 թ. - առաջին ցուցահանդես

Մասնակցում է «Ալ վարդ» ցուցահանդեսին Սարատովում։

1906 թ. - ծանոթություն ֆրանսիացի նկարիչների արվեստին

Ծանոթանում է Ս. Ի. Շչուկինի հավաքածուում եղած Գոգենի, Սեզանի, Վան Գոգի, Մատիսի ստեղծագործություններին։

1907 թ. - «Երկնագույն վարդ»

Մոսկվայում մասնակցում է ռուսական սիմվոլիզմի «Երկնագույն վարդ» ցուցահանդեսին։

1908-1909 թթ. - «Ոսկե գեղմ»

Մասնակցում է «Ոսկե գեղմ» հանդեսի կազմակերպած բոլոր ցուցահանդեսներին։

1910-1913 թթ. - ուղևորություններ դեպի Արևելք

Մի շարք ուղևորություններ է կատարում դեպի Արևելք. Թուրքիա (1910), Եգիպտոս (1911), Հայաստան (1912), Պարսկաստան (1913)։ Մասնակցում է «Մոսկովյան նկարիչների ընկերության», «Արվեստի աշխարհ», «Ռուս նկարիչների միության» ցուցահանդեսներին։

1910 թ. - Տրետյակովյան պատկերասրահը գնում է Սարյանի աշխատանքները

Տրետյակովյան պատկերասրահը գնում է Սարյանի երեք աշխատանք. «Գլիցինիաներ», «Մրգերի խանութ», «Փողոց։ Կեսօր։ Կոստանդնուպոլիս»։

1912 թ. - Ճամփորդություն Անդրկովկաս

Ճամփորդում է Արտվին, Արտանուշ, Թիֆլիս։ «Կոստանդնուպոլսի շները» (1910) նկարը ուղարկում է Լոնդոն՝ Պոստիմպրեսիոնիստների երկրորդ ցուցահանդեսին։

1914 թ. - Վրաստան, Նախիջևան

Մեկնոմ է Թիֆլիս՝ հայկական միջնադարյան հուշարձանների պահպանման գործը կազմակերպելու նպատակով: Այնուհետ ուղևորվում է Երևան, Ագուլիս, Ցղնա, Ջուլֆա: Ծանոթանում է պահպանված հայկական հուշարձաններին: Ամռանն աշխատում է Քաղաքիկում(Գոխթան): Ուղարկում է վեց աշխատանք Մալմյոյում անցկացվող Բալթյան միջազգային ցուցահանդեսին և արժանանում մեդալի։

1915 թ. - Հայկական կոմիտե

Տեղեկանալով Արևմտյան Հայաստանում հայերի զանգվածային կոտորածների մասին, փակում է իր արվեստանոցը Մոսկվայում և, որպես Հայկական կոմիտեի անդամ, մեկնում Էջմիածին` տեղում գաղթականներին և որբերին օգնություն կազմակերպելու նպատակով։

1916 թ. - Սարյանն ամուսնանում է Լուսիկ Աղայանի հետ

Մասնակցում է «Արվեստի աշխարհ» ցուցահանդեսին` Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև մասնակցում է հայ նկարիչների ընկերության ստեղծմանը `Թիֆլիսում։ Ամուսնանում է հայ նշանավոր գրող և մանկավարժ Ղազարոս Աղայանի դստեր՝ Լուսիկ Աղայանի հետ։

1917 թ. - առաջնեկ որդու ծնունդը

Կնոջ հետ մեկնում է Նոր Նախիջևան: Հունվարի 26-ին ծնվում է ավագ որդին՝ Սարգիս (Սարիկ) Սարյանը: Մասնակցում է Թիֆլիսում բացված Հայ նկարիչների ընկերության ցուցահանդեսին:

1918 թ. - Նոր Նախիջևան

Ընտանիքով մեկնում է Սամբեկ:
Մ.Շահինյանի հետ մասնակցում է ՊրոՖեսիոնալ նկարիչների ընկերության կազմակերպմանը Ռոստովում:

1919 թ. - Հայաստանի պետական դրոշի էսքիզը

Կազմակերպում է Նոր Նախիջևանի հայկական գավառագիտական թանգարանը և, որպես տնօրեն, գլխավորում նրա աշխատանքները։ Մեկնում է Երևան մասնակցելու հայ նկարիչների առաջին ցուցահանդեսի բացմանը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակման տարեդարձին։ Ստեղծում է Հայաստանի պետական դրոշի էսքիզը։

1920 թ. - Կրտսեր որդու ծնունդը

Սեպտեմբերի 30-ին ծնվում է երկրորդ որդին՝ Ղազարոս (Զարիկ, Լազար) Սարյանը: Նկարիչը աշխատակցում է Ռոստովի թանգարանների հետ, ինչպես նաև արվեստի հուշարձանների և հնությունների կոմիտեի:

1921-1923 թթ. - Երևան

Ընտանիքով տեղափոխվում է Երևան` մշտական բնակության, որտեղ կազմակերպում և գլխավորում է Հայաստանի առաջին պետական թանգարանը, Հուշարձանների պահպանության կոմիտեն, Գեղարվեստի ուսումնարանը։ Ստեղծում է Հայաստանի առաջին դրամատիկական թատրոնի վարագույրը և հանրապետության զինանշանի էսքիզը։ Սարյանի նախաձեռնությամբ ստեղծվում է Կերպարվեստի աշխատողների ընկերությունը։

1924 թ. - Վենետիկյան 14-րդ միջազգային ցուցահանդեսին (Բիենալե)

Մասնակցում է վենետիկյան 14-րդ միջազգային ցուցահանդեսին (բիենալե)։ Մի շարք ստեղծագործություններ է ուղարկում Նյու Յորքի ռուս նկարիչների ցուցահանդեսին։

1925 թ. - Մոսկվա

Մասնակցում է «Երկնագույն վարդի»-ի վարպետները» հետադարձ ցուցահանդեսին և «Չորս արվեստ» ընկերության ցուցահանդեսին` Մոսկվայում։

1926 թ. - Հայաստանի ժողովրդական նկարչի կոչում

Արժանանում է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման։ Մեկուկես տարով մեկնում է Փարիզ։

1927-1928 թթ. - Ցուցահանդեսներ Ֆրանսիայում

Մասնակցում է Ֆրանսիայի հայ նկարիչների «Անի» ընկերության, «Արվեստի աշխարհ» միավորման ցուցահանդեսներին, այնուհետև կազմակերպում է իր անհատական ցուցահանդեսը «Ժիրար» պատկերասրահում։ Փարիզից Բաթումի Սարյանի նկարները փոխադրող «Ֆրիժի» նավի վրա, Ստամբուլի նավահանգստում հրդեհ է բռնկվում։ Ոչնչանում է 37 նկար։

1929-1933 թթ. - աշխատանք թատրոնում

Աշխատում է թատրոնում, նկարազարդում է հայկական ժողովրդական հեքիաթների և հայ գրողների ստեղծագործությունների ժողովածուներ։

1934 թ. - Թուրքմենիա, Ֆիրդուսու «Ռուստամ և Սոհրաբ» վեպի ձևավորում

Ռուս նկարիչների հետ մեկնում է Թուրքմենիա` ստեղծում գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների շարք։ Երևանում լույս է տեսնում Ֆիրդուսու «Ռուստամ և Սոհրաբ» վեպի շքեղ հրատարակությունը՝ ձևավորումը և նկարազարդումները Մ.Սարյանի, թարգմանությունը Գ. Ասատուրի, Ե. Չարենցի խմբագրությամբ:

1935 թ. - «Քաջ Նազար»

Ձևավորում է Հարո Ստեփանյանի «Քաջ Նազար» օպերան։

1936 թ. - անհատական ցուցահանդես Մոսկվայում և Լենինգրադում

Անհատական ցուցահանդես է բացում Մոսկվայում և Լենինգրադում։

1937 թ. - Գրան-պրի և Պատվո դիպլոմ

Կառավարության պատվերով Մոսկվայում ստեղծում է «Ժողովրդական արհեստներ» դեկորատիվ պաննո, Փարիզում բացվելիք «Արվեստը և տեխնիկան» միջազգային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարի համար։ Ստանում է Գրան-պրի և Պատվո դիպլոմ։

1938-1939 թթ. - «Ալմաստ»

Ստեղծում է Հայկական ԽՍՀ տաղավարի պաննոն Մոսկվայի Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի համար։ Ձևավորում է Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան։

1941 թ. - 3-րդ աստիճանի Ստալինյան մրցանակ

«Ալմաստ» օպերայի ձևավորման համար արժանանում է 3-րդ աստիճանի Ստալինյան մրցանակի։

1943-1944 թթ. - Կիև

Մեկնում է Կիև՝ հանդիպելու իր որդուն, Ղազարոս Սարյանին, որը գտնվում էր ռազմաճակատում: Ստեղծում է մի շարք գրաֆիկական աշխատանքներ պատերազմի թեմայով:

1945 թ. - Հաղթանակ

Ստեղծում է ծաղիկներով ամենամեծ նատյուրմորտը, նվիրելով այն իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած ռազմիկներին:

1946 թ. - ՍՍՀՄ Գերագույն Սովետի պատգամավոր

Ընտրվում է ՍՍՀՄ Գերագույն Սովետի պատգամավոր: Իսկ 1959 թվականից մինչ կյանքի վերջ եղել է Հայաստանի Գերագու յն Սովետի պատգամավոր:

1947 թ. ընտրվում է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ

Ընտրվում է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ։

1949-1952 թթ. - Գիտությունների ակադեմիա

Ղեկավարում է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիային կից Արվեստի տեսության և պատմության բաժինը։

1955-1956 թթ. - անհատական ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ նվիրված նկարչի 75-ամյակին` Երևանում, Մոսկվայում, Լենինգրադում։

1958 թ. - Գրան-պրի

Արժանանում է Գրան-պրիի Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսում։

1960 թ. - ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ

արժանանում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչման։
Առաջին հանդիպում ամերիկահայ հայտնի գրող Վ.Սարոյանի հետ: Ստեղծում է նրա դիմանկարը:

1961 թ. - Լենինյան մրցանակ

Ստանում է Լենինյան մրցանակ «Իմ հայրենիքը» բնանկարների շարքի համար։

1962 թ. - Ավագ որդու վախճանը

44 տարեկանում ավտովթարից մահացավ Մ. Սարյանի ավագ որդին՝ Սարգիս Սարյանը: Այս կորուստը չափազանց ծանր էր 80 տարեկանն անց նկարչի համար: Նա մեծ դժվարությամբ վերադարձավ ստեղծագործական աշխատանքին:

1965 թ. - անհատական ցուցահանդեսներ Մոսկվայում և Երևանում

Անհատական ցուցահանդեսներ Մոսկվայում և Երևանում՝ նվիրված ծննդյան 85-ամյակին: Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման շնորհում։

1966-1967 թթ. - անհատական ցուցահանդես Բուդապեշտում

Անհատական ցուցահանդես Բուդապեշտում։ Լույս է տեսնում Մ. Սարյանի «Գրառումներ իմ կյանքից» հուշերի գիրքը` հայերեն թարգմանությամբ։

1967 թ. - բացվում է Մ. Սարյանի տուն-թանգարանը

Նոյեմբերի 26-ին, Երևանում բացվում է Մ. Սարյանի տուն-թանգարանը։

1968-1970 թթ. - անհատական ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ Երևանում, Կիևում, Օդեսայում, Կրասնոդարում, Դոնեցկում, Զապորոժյեում, Հայերենում ավելացնել` Խարկովում, Վոլգոգրադում, Դոնի Ռոստովում, Երևանում: Ծննդյան 90-ամյակի առթիվ պարգևատրվում է Լենինի շքանշանով։

1971-1972 թթ. - Վերջին աշխատանքներ

Ստեղծում է գրաֆիկական աշխատանքների շարք և իր վերջին՝ «Հեքիաթ» (1971) գեղանկարչական գլուխգործոցը։

1972 թ. - Վարպետի վախճանը

Մարտիրոս Սարյանը վախճանվել է 1972 թ. մայիսի 5-ին, Երևանում։ Թաղվել է մայիսի 11-ին, Կոմիտասի այգում` պանթեոնում։


Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 52 16 07
info@sarian.am