Գրականության և արվեստի թանգարանի պատմությունը սկիզբ է առնում 1921թ-ի հոկտեմբերին, երբ Հովհաննես Թումանյանի միջոցով Հայաստանին հանձնվեց Սայաթ-Նովայի երգերի ինքնագիր տետրը՝ Դավթարը, որը և հանդիսացավ թանգարանի հարուստ ֆոնդերի հիմնադրման առաջին առարկան: Թանգարանի բուն գործունեությունը սկսեց 1922-ին՝ բանասեր, պատմաբան Երվանդ Շահազիզի ղեկավարությամբ, որը Նոր Նախիջևանից Երևան էր բերել և հանձնել թանգարանին հայ գաղութի պատմությանը, գրականությանը և արվեստին վերաբերող արխիվներ, վավերագրեր, հնատիպ գրքեր և այլ նյութեր: Հետագա տարիներին թանգարանի ֆոնդերը համալրվել են հայ դասական գրողների, գրական-մշակութային գործիչների ու հաստատությունների բազմաթիվ նյութերով:
1954թ-ի հոկտեմբերին Գրական և Թատերական թանգարանների և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական կաբինետի ֆոնդերի միավորմամբ կազմավորվում է Գրականության և արվեստի թանգարանը: 1967-ից այն կրում է Եղիշե Չարենցի անունը:
    ԱՅԼ  ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ  »  ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ԵՎ   ԱՐՎԵՍՏԻ  ԹԱՆԳԱՐԱՆ

Այս թանգարանի սարյանական հավաքածուն կազմված է գրողների, դրամատիկական թատրոնի դերասանների, հայտնի երաժիշտների դիմանկարներից, որոնք պահվում են համապատասխան ֆոնդերում:
Հատկապես նշանակալից է գրականության բաժնի Ե. Չարենցի դիմանկարը, որը 1937 թվականին, պիտի այրվեր պատկերասրահի բակում, «ժողովրդի թշնամի» դատապարտված մշակույթի և հասարակական այլ գործիչների դիմանկարների հետ: Սակայն այն փրկվեց շնորհիվ թանգարանի նվիրյալ աշխատակիցների` գրականագետ և արվեստաբան Նշան Մուրադյանի և գիտաշխատող Պարգևուհի Սիմոնյանի: Նրանք թաքցրել էին դիմանկարը պահարանի ետևում, ուր այն մնաց շուրջ 20 տարի: Հետագայում,երբ հնարավոր եղավ ի հայտ բերել պատահածը, հուզված Սարյանը ցանկացավ նվիրել դիմանկարը Ն.Մուրադյանին որպեց պարգև, բայց նա հրաժարվեց, թողնելով նկարը թանգարանի ֆոնդում:

Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 52 16 07
info@sarian.am