Մարդուն իրավունք չէ տրված նայել արևին... Այդ հրաշքը, որ մարդուն կյանք է տալիս, ասում է.
«Մի նայիր ինձ,այլապես կկուրանաս»: Իսկ կյանքն առանց աչքերի չես տեսնի և չես զգա:

Կերպարվեստը մարդն ընկալում է աչքով: Եվ նկարիչը, ում բնությունը տվել է տեսնելու, նշանակում է նաև զգալու, մեծ պարգևը իր նկարներում մարդու առջև բացահայտում է կյանքն իր գեղեցկության մեջ:

                                                                                                        Մ. Սարյանի ձեռագրերից
    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2017

2017

Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսի բացումը Տրետյակովյան պատկերասրահում


Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում նոյեմբերի 15-ին պաշտոնապես բացեցին «Հայաստանի մշակույթի օրերը» Ռուսաստանում։
Հանդիսավոր արարողությանը նախորդեց Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսի բացումը Տրետյակովյանում։
Բացման արարողությունից հետո ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ Սարյանի ցուցահանդեսի բացումը Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի գլխավոր իրադարձությունն է, որի շրջանակում ներկայացվելու է նկարչի 30 ստեղծագործություն. «Շատ հետաքրքիր փաստ, երբ մենք քննարկում էինք, թե քանի նկար պետք է բերվի ցուցահանդեսի համար, պարզվեց, որ շատ քիչ նկար է անհրաժեշտ: Այն տարիներին, երբ Մարտիրոս Սարյանը սովորում էր Մոսկվայում, Տրետյակովյան պատկերասրահը երիտասարդ նկարչից գնել է նրա աշխատանքները:
Կարծում եմ, որ դա Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ամենամեծ գնահատականն է եղել: Այս ցուցահանդեսին ներկայացված կտավների հիմնական մասը Տրետյակովյան պատկերասրահի սեփականությունն է»,- ասաց Արմեն Ամիրյանը: Վլադիմիր Պուտինը Հայաստանի իր պաշտոնակցին հանձնեց Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը, որը 1995 թվականին գողացվել է Երևանում՝ Ռուսական արվեստի թանգարանից։
Կտավի համար նախագահ Սերժ Սարգսյանը փոխանցեց հատուկ շնորհակալությունը Ռուսաստանի նախագահին։ Մինչ այդ Կրեմլի պալատում տեղի էր ունեցել երկու նախագահների հանդիպումը. ընդունելությանը մասնակցեցին նաև Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության անդամները։
                         
Մ.Սարյանի տուն-թանգարանը նշում է իր 50-ամյակը
  Հոկտեմբերի 26-ին և 27-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված Մ.Սարյանի տուն-թանգարանի 50-ամյակին:
Գիտաժողովին հրավիրված էին մասնակցելու Հայաստանի և Ռուսաստանի այն թանգարանների ներկայացուցիչները, որտեղ պահվում և ցուցադրվում են 20-րդ դարի հայ գեղանկարչության նահապետ Մարտիրոս Սարյանի աշխատանքներից:
Գիտաժողովին բացման և ողջույնի խոսքով հանդես եկան թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Հայաստանի Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը և այլք:
Գիտաժողովին զեկուցմամբ հանդես եկան ինչպես Մ.Սարյանի արվեստի, այնպես էլ Մ.Սարյանի տուն-թանգարանի 50-ամյա գործունեության մասին ելույթներով:
                         
Թանգարանների գիշեր
20 մայիսի
Համերգային ծրագիր

  18:00 - Գ.Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլը ներկայացնում է. Ա. Խաչատրյանի, Կոմիտասի ստեղծագործությունները: Գեղարվեստական ղեկավար և կոնցերտմայստեր՝ Աննա Աճեմյան:

20:00 - Աննա Մայիլյանի Երգարվեստի կենտրոնը ներկայացնում է. Ղ. Սարյանի և Կոմիտասի ստեղծագործությունները:

22:00 - «Սարյան» լարային քառյակը ներկայացնում է. Ղ. Սարյանի, Է. Միրզոյանի, Կոմիտասի ստեղծագործությունները:
                         
Թանգարանների միջազգային օր
18 մայիսի
Թանգարանների միջազգային օր

  «Մ. Սարյանի ստեղծագործական կյանքի ցավոտ պատմություն. փարիզյան շրջանի այրված նկարները պահպանված միայն նեգատիվներում»:
Ցուցադրության բացումը ժ. 14:00-ին:
Համերգ «Փարոս» երգչածմբի մասնակցությամբ: Սկիզբը՝ ժ. 16:00-ին:
                         
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԿԱՆՉԸ
10 մայիսի 2017թ., ժ. 14:00
Համերգ նվիրված հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72-ամյակին


  Աննա Մայիլյան Երգարվեստի կենտրոնը ներկայացնում է.
Հայ կոմպոզիտորների հայրենասիրական երգեր Մասնակցությամբ՝
Արմինե Վարդանյան / սոպրանո/
Աիլին Հերոսյան /սոպրանո/ Տաթև Թադևոսյան /սոպրանո/
Նարինե Ադոնց /սոպրանո/
Անուշ Մելքումյան /մեցոսոպրանո/
Անուշ Մարտիրոսյան /մեցոսոպրանո/
Ելեն Կիրակոսյան /դաշնամուր/
Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյան:
                         
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ - 137

Մ. Սարյանի ծննդյան 137 ամյակի առթիվ Կոմիտասի անվան պանթեոնում` Վարպետի շիրմաքարին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և ծաղիկներ դրեցին Մ. Սարյանի տուն֊թանգարանի աշխատակազմը և մի խումբ մտավորականներ։

 

 

                                                                                    
ՍԱՐԳԻՍ ՍԱՐՅԱՆ - 100: ժամանակավոր ցուցադրություն


Փետրվարի 3-ից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կգործի նկարչի ավագ որդու՝ գրականագետ Սարգիս Սարյանի 100-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:

Ներկայացվելու են Մ. Սարյանի գրաֆիկական դիմանկարներ, Սարգիս Սարյանի ձեռագրեր, նամակներ, լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր:

     
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ Սարգիս Սարյանը ծնվել է 1917 թվականի հունվարի 26 -ին Նոր Նախիջևան քաղաքում։
1939-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
1945-47-ին սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։
1950-ին «Վերածննդի դարաշրջանի իտալական նովելի զարգացման նոր աստիճանը Մ. Բոնդելլոյի ստեղծագործություններում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։
1951-62-ին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Կազմել է «Չարենցը գրականության մասին» ժողովածուն (Երևան, 1957)։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Հետպատերազմյան սովետահայ գրականությունը» (Երևան, 1956) և «Սովետահայ գրականությունը» (Երևան, 1964) գրքերը։
Մահացել է Երևանում` 1962 թվականին՝ Երևան-Սևան մայրուղու վրա պատահած ավտովթարից:

«Սարգիս Սարյանին 1950, սեպտեմբերի 26, Երևան
Թանկագին իմ զավակ, իմ մեծ Մարտիրոս. Դու կհաղթես, ես հավատում եմ, գիտեմ, թե որքան հիանալի զգացմունքներ ես ներդնում քո դիսերտացիայի մեջ: Այն պետք է գրված լինի նոր մարդու կողմից, որն ապրում և զգում է իր էության բոլոր թելերով: Յուրաքանչյուր հսկայական գործ մեծ զոհեր է պահանջում: Ամեն մի գործ մարդուց խլում է նրա կյանքի մի մասնիկը: Ես գիտեմ ինչպես ես դու այրվում, ինչպես ես ամբողջ էությամբ տրվում քո գործին:
«Մարտիրոս Սարյան». Նամակներ, հատոր երկրորդ/1929-1953/ Խմբագիր, կազմող` Ռուզան Սարյան»:
Ավագ որդու՝ Սարգսի կերպարը Մ.Սարյանի արվեստում

Զարմանալի կենսահաստատ, հավատով և լույսով առլեցուն արվեստի հեղինակ Մարտիրոս Սարյանն ապրել էր նաև բազմաթիվ դառնություններ, տառապանքներ ու ցավեր: Դրանցից մեկն էլ՝ խոր անձնական, կապված էր որդու՝ Սարգսի հետ:  Սարիկը, ինչպես նրան տանն էին ասում, Մ. Սարյանի առաջնեկն էր, առաջին ժառանգը: Նա ծնվել էր 1917-ին, այն շրջանում, երբ աշխարհը ցնցվում էր պատմական աննախադեպ իրադարձություններից. I-ին համաշխարհային պատերազմ, Հայոց ցեղասպանություն, Ռուսական հեղափոխություն: Այս տարիներին, ստեղծելով իր ընտանիքը, Սարյանը կարողացավ ունենալ սիրո, մարդկային ջերմության այն խաղաղ հանգրվանը, որն այդքան կարևոր էր իր նվիրական գաղափարների և համոզմունքների պահպանման համար: «Տագնապի այս ահավոր պայմաններում էլ ավելի էր մեծանում հարազատներիս հետ լինելու ցանկությունս», - կարդում ենք  Մ. Սարյանի «Գրառումներ իմ կյանքից» գրքում:
1916-ին, ամուսնանալով Լուսիկ Աղայանի հետ, Սարյանը Թիֆլիսից տեղափոխվում է ծննդավայր` Նոր Նախիջևան, որտեղ և ծնվում է Սարիկը: Շուտով նրանք, արդեն երեքով, նորից գնում են Թիֆլիս: Սակայն երեխայի հետ վարձակալությամբ ապրելու դժվարության պատճառով տիկին Լուսիկը ստիպված է լինում Սարիկի հետ վեռադառնալ Նոր Նախիջևան: Ընտանիքն ապահովելու համար Սարյանը, մնալով Թիֆլիսում, դասավանդում է Լիվանդովսկու գիմնազիայում: Սակայն շուտով քաղաքացիական պակերազմի պատճառով նկարիչը վերադառնում է մայրական տուն` իր ընտանիքի մոտ:
Փոքրիկ Սարիկը մեծ երջանկություն է պարգևում Սարյանին: Նա դիտում է իր առաջին երեխային սիրելի կնոջ գրկում, քնի պահին («Ս. Սարիկ», 1918): Մեծ կորուստներից, դաժան տեսարաններից և ծանր ապրումներից հետո այս անմեղ փոքրիկի` հրեշտակ հիշեցնող կերպարը նկարչի համար դառնում է կեցության և մարդկային լավագույն հույզերի հաստատում: Հայրական անսահման սիրո հայացքով Սարյանը դիտում է փոքրիկ Սարիկի առաջին շարժումներն ու երեխային հատուկ տրամադրության կտրուկ փոփոխության պահերը («Սարիկ»,1919): Փոքրիկի` իր մոր նման սև նշաձև աչքերը այնքան անկեղծ հուզմունք են արտահայտում, որ չեն կարող անտարբեր թողնել դիտողին: Տխրությամբ լցված սարյանական այդ աչքերը, կիտված հոնքերն ու սեղմված շուրթերը վայրկենական փոխվում են խելացի, վստահող և արդեն գոհացած հայացքի: Այդ տիպիկ երեխայկան փոփոխական բնավորությունը դժվար կլիներ հաղորդել այլ կերպ, քան իրար կողք մեկտեղելով և հակադրելով:
Սակայն երկար չտևեց այդ երջանկությունը: Սարիկը հիվանդացավ ծաղիկ ծանր հիվանդությամբ, և տառապելով, բայց լուռ, ամիս ու կես մնաց կիսախավար սենյակում: Եվ դա դեռ ամենը չէր: Երբ արդեն ծնվել էր Սարյանի կրտսեր որդին` Զարիկը (Ղազարոս Սարյանը), նրանք երկուսն էլ՝ Սարիկն ու Զարիկը, կատվից վարակվեցին խուզող որքինով: Ստացվեց այնպես, որ Զարիկին անհետևանք բուժեց հեքիմը, իսկ Սարիկը ենթարկվեց բուժման ռենտգենային ճառագայթմամբ, որն այն ժամանակ  լավագույն բուժումն էր համարվում: Արդյունքը, սակայն, սարսափելի էր և անդառնալի. Սարիկը ընդմիշտ զրկվեց իր խիտ մազերից, վնասվեց նրա գանգային ոսկորը, ինչն էլ իր հերթին հետագայում ազդեց նրա տեսողության խիստ վատթարացման վրա:
1922 թվականի գծանկարում Սարիկին տեսնում ենք արդեն հյուծված, ճաղատ, գլխարկը գլխին, ինքնամփոփ: Նրա տխրությունն այս անգամ հակադրվում է եղբոր` Զարիկի, զվարթ, կյանքով  և մանկական անմիջականությամբ լի կերպարին: Հայրական անհանգիստ հայացքով Սարյանը համեմատում է իր որդիներին նաև 1925 թվականի գծանկարում: Զարիկը` արտահայտիչ, նորից մոր նման և Սարյանի համար սիրելի սև նշաձև աչքերով, առնական ուժով լցվող, եռանդուն երեխա է, իսկ Սարիկը` գունատ, ճաղատ, թախծոտ աչքերով:
1928-ին վերադառնալով Փարիզից, նկարիչը կարոտալի հայացքով զննում է Սարիկին, նրա աչքերում գտնելով ցավ, ափսոսանք, ինչ-որ տեղ մեղադրանք, բայց և հնազանդություն անողոք ճակատագրի հանդեպ: Մեկ անգամ վնասելով` բժշկությունն արդեն անզոր էր օգնել Սարիկին, չնայած որ Սարյանը մի քանի անգամ ձեռնարկում էր նրան բուժելու միջոցներ: Այդ նույն թվականին ստեղծված «Զարիկն ու Սարիկը» գեղանկարչական աշխատանքում, զերծ մնալով դիմանկարային բնութագրումից, նկարիչը պատկերում է այն, ինչ մտերիմ ու հարազատ է իր կարոտած սրտի համար: Տան և ընտանեկան օջախի մթոլորտը հաղորդող գծանախշով ծածկոցի ֆոնին նա ստեղծում է մի պոետիկ գունային սիմֆոնիա իր որդիների շուրջ, հաղորդելով նրանց նկատմամբ ունեցած հուզական զգացմունքները, ընդգծելով նրանց նշաձև աչքերը, որոնք հիշեցնում են սարյանական արվեստի ծանոթ խորհիդանիշ՝  հավերժական հոգևոր արժեքներ ամփոփող եգիպտական դիմակը:
Այն երևում  է արդեն հաջորդ` 1929 թվականի «Իմ ընտանիքը» նկարում: Ահա նկարչի սիրելի Լուսիկն ու իր որդիները նայում են կյանքին՝ գեղեցիկ, նշաձև աչքերի պարզ հայացքով, լուսավոր, բաց դեմքերով, իսկ դիմակի հայացքում կարծես, քարացել է մի լուռ հարցում. կկարողանա՞ք անցնել կյանքի արհավիրքների միջով, դիմակայել և պահպանել ձեր հավատամքը: Ընդգրկելով եգիպտական դիմակը իր համար ամենաթանկ ու նվիրական մարդկանց շրջանակում, նկարիչը կարծես ցանկանում է պաշտպանել նրանց և ինքն իրեն (ձախից տեսնում ենք Սարյանի ինքնանկարը) կյանքի փոփոխական, իրարամերժ, հաճախ  դժվար և դաժան երևույթներից: Դրանց հաղթահարումը հնարավոր է միայն շնորհիվ մարդկային հոգևոր հզոր ուժի, որը դրսևորվում է մարդու ստեղծագործության մեջ, անցնում դարերի միջով և, ուրեմն,  հաղթում:
Այդպես էլ ապրեց իր կյանքի կարճ ուղին Սարգիս Սարյանը: Չնայած իր առողջության և արտաքինի հետ կապված («Սարիկ», 1933) բազում դժվարություններին` բնավորությամբ նա զվարթ էր, ընկերասեր ու կյանքով լի: Շատերն են հիշում նրա զրնգուն,  հարևան բակերում լսվող ծիծաղը: Վատ տեսողությունը չխանգարեց նրան. նա մասնագիտացավ գրականագիտության մեջ, դարձավ Մոսկվայի Մ.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտ, պաշտպանեց ատենախոսություն` նվիրված իտալացի նշանավոր նովելիստ Բանդելոյի ստեղծագործությանը: Հետագայում աշխատեց Հայաստանի Գիտությունների ակադեմիայում, հեղինակեց տասնյակ գրքեր, հոդվածներ:  Հորը ուղղված նամակներից մեկում Սարիկը գրում էր. «Մենք աշխատում ենք առավոտից երեկո, որպեսզի արդարացնենք Սարյանի որդիներ լինելու բարձր կոչումը» (13.02.1952թ.): Հայտնի է, որ նա աշխատել է իր ատենախոսության վրա մեծ պատասխանատվությամբ, միշտ հիշելով, որ լինելով Սարյան, իր ամեն մի խոսքն ու դիտակումը պիտի կատարի կշռադատված և անթերի: «Ծանր է Մոնոմախի գլխարկը», - հաճախ կրկնում էր նա Ա.Պուշկինի «Բորիս Գոդունով» ողբերգության խոսքերը:



Հայր և որդի Սարյանները հաճախ քաջալերում էին միմյանց: «Սիրելի պապա ջան, պատասխանում եմ քո արևով լի, կենսահաստատ նամակին: Կրկնակի ուրախ կլինեմ, եթե նույն այդ թափով դու ստեղծես մի քանի աշխատանք», - նույն իր նամակում գրում է Սարիկը: Իսկ Սարյանը, Սարիկին նվիրելով Բրուսելի ցուցահանդեսին ստացած զենքը ձեռքին բրոնզե արձանիկը, կցում է դրան մի հղում. «Կյանքը պայքար է, պայքարիր, մի ընկճվիր, նյարդերդ գործի մի դիր:          Գիտակցություն, գիտակցություն և զգացմունք: Պայքարիր, ինչպես ես, և հաղթանակը քոնն է լինելու»:
Պատերազմի տարիներին Սարյանների ընտանիքը տագնապալից շրջան էր ապրում` կապված առաջնագծում կռվող Ղազարոս Սարյանի հետ: Երկու անգամ կրկնվեց ռազմաճակատից եկող նամակների հինգ ամիս տևողությամբ բացակայությունը: Իսկ ամեն մի նամակ առաջին հերթին Զարիկի ողջ լինելու վկայությունն էր: Այդ տարիների ապրումները այնքան խորն էին, որ Մարտիրոս Սարյանը այդ թեմայով նկար ստեղծեց, պատկերելով իր կնոջը՝ Լուսիկին ձեռքին պտուղ բռնած, իսկ հայելու մեջ՝ նամակ: Սարգիս Սարյանն էլ գրեց «Սպիտակ աղավնին» վերնագրով մի պատմվածք: Բովանդակությունը իր ընտանիքի կյանքից էր: Նկարիչը երկար ժամանակ լուր չուներ ռազմաճակատում կռվող իր որդուց, նա վաղուց արդեն վայր էր դրել վրձինը: Բայց նամակը վեջապես եկավ: Նկարիչը կարդաց. «Մեր թնդանոթները մաքրում են երկինքը մահաբեր ինքնաթիռներից: Դրանք ուզում են ծածկել արևը, քո սիրած արևը: Իսկ մենք ոչնչացնում ենք դրանց: Ինչ էլ որ պատահի, մի մարեցրու քո հոգու արևը...»:
Այս խոսքերը, կարծես, մի կանխազգացում էին, կապված նաև իր՝ Սարիկի ճակատագրի հետ: 1962-ին նա հեռացավ կյանքից: Տան պատին մինչ այսօր կախված է մնացել 1942 թվականին ստեղծված  դիմանկարը: Չնայած գրաֆիկական տեխնիկային` Սարյանն այստեղ փոխանցել է Սարիկի լուսավոր կերպարը, հարուստ հուզական ներաշխարհը, աչքերի խորաթափանց արտահայտությունը, իր ժառանգի հոգու արևը:
  Սարիկին կորցնելուց հետո Վարպետը երկար ժամանակ չէր նկարում: Սակայն, ասում են, շուտով, երազում տեսավ որդուն, և նա ասաց. «Պապա ջան, ինչու՞ չես նկարում: Թող արվեստանոց բարձրացնեն մեծ հայելին, և դու ինքնադիմանկար ստեղծիր»: Վարպետը նորից մտավ իր արվեստանոցը, վրձինը վճռականորեն ձեռքը վերցրեց, այդպես էլ նկարեց ինքն իրեն. չէ՞ որ նա պետք է չմարեցներ իր հոգու արևը, ստեղծագործելով պայքարեր մահվան դեմ` հանուն կյանքի և հավերժության:

Մ. Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյան

                                                                                    
Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 52 16 07
info@sarian.am