Սարյանը սիրում էր կիսվել իր մտորումներով արվեստի էության, ստեղծագործական ընթացքի մասին: Նկարչի մտքերը, արտահայտված բանավոր խոսքում կամ գրավոր շարադրանքում, առանձնանում են քնարականությամբ և փիլիսոփայական խոր բովանդակությամբ:

Իր իմաստուն ասույթներում Սարյանն անդրադառնում է ժամանակակից գեղագիտական ընկալման բազմաթիվ հարցերին, բացահայտում է գեղարվեստական վարպետության գաղտնիքներ, սովորեցնում՝ «դիտել աչքերով և տեսնել սրտով»:
    ՄԱՐՏԻՐՈՍ  ՍԱՐՅԱՆ  »  ԱՍՈՒՅԹՆԵՐ

Արվեստն ունի այնպիսի գաղտնիքներ, որոնք բացվում են ստեղծագործող մարդու առջև… Նկարիչը պետք է կարողանա ոչ միայն նայել բնությանը, աշխարհին, նա պետք է կարողանա տեսնել: Այդ ժամանակ կծնվի իսկական նկարը:                                                                                                                                                      

Նայել աչքերով և տեսնել սրտով… Երբեմն նայում ես վառ լուսավորված լեռնապարերին և ապշում, թե որքան բազմազան են դրանց երանգները` կատարների բաց երկնագույնից մինչև լանջերի թանձր մանուշակագույնը: Երբ գույների այս ողջ հարստությունը փոխադրում ես կտավի, շատերը զարմանում են՝ մի՞թե լինում են մանուշակագույն լեռներ:                                                                                                                                                      

Ոճը ինքը՝ մարդն է, ստեղծագործող անհատը: Սա ճիշտ է, վիճել չի կարելի: Բայց նույնքան ճիշտ ու անվիճելի է նաև, որ մարդը որոշակի դարաշրջանի ոճի մեջ է: Եվ եթե նա ետ է մնում իր ժամանակից, մի բան, որ հաճախ է պատահում, նրա մասին խոսելն արդեն ավելորդ է:                                                                                                                                                      

Ես չգիտեմ, թե երբ է նկարիչը ծնվել իմ մեջ: Երևի այն օրերից, երբ լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական հայրենիքի մասին, այն օրից, երբ խաղում էի արևի տակ ու հրճվում բազմապիսի ծաղիկների, թիթեռների, մեղուների գույներով: Գույն, լույս, երազ - ահա ինչով եմ ես այրվել:                                                                                                                                                      

Գույնը իսկական հրաշք է: Դա երջանկություն է: Զարմանալի չէ՞, որ բնությունը այսքան գունեղ է, իսկ մոտ մի դար առաջ նկարիչները կտավին քսում էին մեծ մասամբ մութ խառնուրդներ: Բայց եկան իմպրեսիոնիստները և բաց արին մարդկության՝ վաղուց ի վեր մաքուր գույնի հանդեպ փակ աչքերը: Մեծ նշանակություն ունեն գույնի և լույսի ճիշտ հարաբերությունը:
                                                                                                                                                  


Զարմանալու ընդունակությունը բնության կողմից մարդուն տրված մեծագույն պարգևներից է: Զարմանքը տանում է դեպի ճշմարտության հայտնագործումը: Նայեք ձեր շուրջը, տեսեք, թե ինչ հրաշալի հողի վրա ենք մենք ապրում, պատահաբար չէ այն կոչվում մայր հող: Նա կյանք է տվել բոլոր կենդանի էակներին՝ բույսին, կենդանուն, մարդուն: Նա մեզ հնարավորություն է տալիս ապրել, տեսնել, զգալ:
                                                                                                                                                  


Աշխարհում ամենից ավելի արևն եմ սիրում: Արևը սիրել՝ նշանակում է սիրել աշխարհը, սիրել հողը և այն ամենը, ինչ կա այդ հողի վրա:
Մենք կապված ենք արևի հետ, այն դարերով տանում է մեզ իր հետևից: Դեպի ու՞ր: Հայտնի չէ: Գալիս են նոր սերունդներ, իսկ արևը միշտ մնում է մարդու մեջ, ամեն մեկիս մեջ: Որեմն հավատարիմ մնանք այս մեծ օրենքին: Սիրենք կյանքը, լուսավորը, սերը և արդարացնենք բնության վստահությունը:
                                                                                                                                                  


Հողը մի կենդանի էակ է: Նա ունի իր հոգին, և առանց հարազատ հոգու, իր հայրենիքի հետ սերտ կապի հնարավոր չէ գտնել իրեն, իր հոգին: Համոզված եմ, որ չի եղել նկարիչ առանց հայրենիքի: Հողի սիրտը մարդու սրտի մեջ է: Ամենը այդ սրտից է սկիզբ առնում:
                                                                                                                                                  


Մարդուն ծնում է իր ժամանակը։ Դա ճի՛շտ է, ուրիշ կերպ չի լինում։ Բայց ծնվում են մարդիկ, իհարկե շատ հազվադեպ, որոնք շատ ավելի մեծ են քան իրենց ժամանակը։
                                                                                                                                                  


Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ և ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի։
                                                                                                                                                  


Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի։ Իսկ սովորել պետք է բնությունից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա։ Իր աշխատանքով մարդ պետք է արդարացնի այն շնորհը, որ ստացել է բնությունից։
                                                                                                                                                  


Արվեստը բազմազանություն է սիրում ինչպես պատմական, այնպես էլ ազգային տեսակետներից։ Մարդկության պատմության դինամիկան իր բազմազանության մեջ` ահա համաշխարհային արվեստի բովանդակությունն ու դեմքը։
                                                                                                                                                  


Բոլոր պարագաներում էլ լույսը, գույնը, տոնը, օդը, ձևը, հեռանկարը, պլաստիկան նկարչության հիմնաքարն են կազմում։ Պետք է քրտնաջան ու համբերատար աշխատանքով տիրապետել արվեստի տեխնիկային։ Պետք է լավ դպրոց անցնել։ 
                                                                                                                                                  


Արվեստի օրենքները աշխատանքի, փորձի ընթացքում պետք է տրվեն նկարչին, գրողին աննկատելիորեն, բնական մի բյուրեղյա անբռնազբոսությամբ։ Եթե չի տրվում, ուրեմն չի տրվում։ Զոռով (ուղղակի անփոխարինելի խոսք է) ոչինչ անել չի կարելի։Մեծագույն երջանկություն է կարողանալ տեսնել ու զգալ արվեստի գործը, կարողամալ խորանալ մեծ վարպետների ստեղծագործության մեջ։ 
                                                                                                                                                  


Զարմանքը հասարակ բան չէ: Զարմանալու ընդունակությունը բնության կողմից մարդուն տրված մեծագույն պարգևներից է։Որքան այն պակասում է մարդու մոտ, այնքան աղքատ է նա իր հոգով և այնքան ավելի է նրա մեջ քար անտարբերությունը։ Իսկ անտարբերությունը բթացման առաջին և ամենահիմնական պայմանն է։
                                                                                                                                                  


Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը` մարդ։ Մահ գոյություն չունի։
                                                                                                                                                  


Դա մարդու մեծագույն երջանկությունն է։ Հսկայական, անվերջ բնություն և փոքրիկ մի արարած, որն իր մեջ կրում է այդ անսահման մեծությունը։
                                                                                                                                                  


Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է։ Մարդն ինքը բնություն է։ Միայն մարդու միջոցով է բնությունը ճանաչում իրեն։
                                                                                                                                                  


Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…
                                                                                                                                                  


Կյանքը մի կղզի է: Մարդիկ դուրս են գալիս ծովից, քայլում են այդ կղզիով և դարձյալ մտնում ծով: Այդ վաղանցիկ կյանքը հավիտենական է, չքնաղ:
                                                                                                                                                  


Մենք նոր սերնդին ենք թողնում սերը հայրենիքի նկատմամբ. ի՞նչը կարող է դա ավելի լավ արտահայտել, քան արվեստը:
                                                                                                                                                  


Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել: Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ: Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում: Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը: Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է: Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել: Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ: Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես:
                                                                                                                                                  


Մեր ժողովուրդը հաստատել է Երկրագնդի մեծ օրենքը՝ միշտ արևի հետ մնալու օրենքը:
                                                                                                                                                  


Բնությունը ստեղծել է մարդուն, որպեսզի նրա միջոցով տեսնի իրեն, հմայվի իր հրաշք գեղեցկությամբ:



Մ. ՍԱՐՅԱՆԸ ՀԱՅ ՄԵԾԵՐԻ ՄԱՍԻՆ                                                                                                                                                   
Սայաթ-Նովան մեծ է, որովհետև ավելին է, քան բանաստեղծ ու երգիչ: Նա հայ ժողովրդի հարազատ զավակն է սկզբից մինչև վերջ, իր էության բոլոր մասնիկներով: Նրա երգը մշտապես սնվել է իր ժողովրդի անսպառ աղբյուրից և ստացել կենդանի գույն ու երանգ, ուստի և հավիտենական կյանք: Սայաթ-Նովայի երգը հարազատ հողի ուժն ու բուրմունքն ունի և դա է նրա մեծության ու անմահության գաղտնիքը: Երգելով մի քանի լեզվով` Սայաթ-Նովան հայ էր մնում:
                                                                                                                                                  


Խաչատուր Աբովյանն իր վեպի մեջ հանդես է գալիս իբրև մեծատաղանդ արվեստագետ, որպես Հայաստանի բնանկարի և հայկական տիպաժի առաջին վարպետ նկարիչ: Աբովյանի գրչի տակ շնչավորվում և իմաստավորվում է ամբողջ բնությունը, արտահայտելով հեղինակի վսեմ և առաջավոր մտքերը:
                                                                                                                                                  


Ես հավատում եմ, որ հայ ժողովրդի արվեստի պատմության մեջ իբրև վառ աստղ միշտ կշողշողա անզուգական մարդու և մեծ երգահանի` Ա. Սպենդիարյանի անունը:
                                                                                                                                                  


Թումանյանը մեր ազգային մեծ բանաստեղծն է և նրա ամեն մի խոսքը մեզ համար սրբություն է... Ժողովրդական ակունքներից է սնվել նրա բյուրեղային վճիտ քերթությունը: Եվ ինչպես գետն է իր մեջ ներառում լեռնային աղբյուրների ջրերն ու վտակները, այնպես էլ Թումանյանի ստեղծագործությունն իր մեջ է առել հայ ժողովրդի իմաստնությունը, հույսերն ու երազանքները, նրա դրամատիկ ցնցումներով լի պատմությունն ու երջանկության ձգտումը:
                                                                                                                                                  


Չարենցը լեգենդ էր… Ասուպի նման ծնվեց ու մի ակնթարթում կիզվեց Չարենց-մահկանացուն: Բայց հոգու լույսը հավերժաբար մնաց ու գնալով պայծառանում է… «Ես իմ անուշ Հայաստանի»-ն… մեր այսօրվա աղոթքն է: Աղոթք, որը կարելի է թե մտքում հյուսել, թե մրմնջալ շշուկով, թե արտասանել բարձրաձայն: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի կենսագրության և վարքի արտացոլումն է, մեր կրած տառապանքների ու վերելքների, արհավիրքներին ենթակա մեր ճակատագրի ու անմեռ մնալու մեր ձգտման գեղարվեստական սինթեզն ու բյուրեղացումն է:
                                                                                                                                                  


Երջանիկ են այն մարդիկ, որ տարիներն առնելու հետ չեն կորցնում զարմանալու ընդունակությունը: Սարոյանը հենց այդ մարդկանցից է. ուղղակի մեծ երեխա և այն էլ տաղանդավոր` երեխաների նման մաքուր, ազնիվ և անսահմանորեն գեղեցիկ:
                                                                                                                                                  


Մարտիրոս Սարյանը Պարույր Սևակի մասին
Դու ընդամենը անհատ էիր, բայց ինչպիսի՜անհատ: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չենք կարող բնությունը չսիրել…

Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 52 16 07
info@sarian.am