Ես չգիտեմ, թե երբ է նկարիչը ծնվել իմ մեջ։ Երևի այն օրից, երբ լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային, կախարդական հայրենիքի մասին, այն օրերից, երբ խաղում էի արևի տակ ու հրճվում բազմապիսի ծաղիկների, թիթեռների, մեղուների գույներով։ Գո՜ւյն, լո՜ւյս, երա՜զ, - ահա ինչով եմ ես այրվել։ Ես երեխա ժամանակից սիրել եմ իմ հայրենիքը, Հայաստանը։ Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսում։
Ի՞նչ եմ անում ես հիմա։ Ի՞նչ կարող եմ անել։ Աշխատում եմ։ Աշխատելու ժամանակ չեմ մտածում։ Ինչ որ նկարում եմ Հայաստան է դուրս գալիս։ Մեր լեռները, մեր ձորերը, մեր մարդիկ, մեր լույսը, մեր Արարատը։
Աշխատելը ինքնամոռացում է։ Մեկ էլ տեսար մի բան ստացվեց։ Տեսնում ես, որ քեզնից մի կտոր քեզ է նայում։ Եվ մի տեսակ երջանիկ ես դառնում։
                                                                                                ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ  »  ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ  »  ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐ՝ 1896 - 1902



1897 թվականին պատանի Մ.Սարյանն ընդունվեց Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան: Նա պետք է ստանար դասական գեղարվեստական կրթություն, զարգացներ և հղկեր մոտ երկու տարի առաջ դրսևորված իր նկարչական ունակությունները:
Ուսումնառության տարիներին ռուս հայտնի նկարիչներ Ն. Կասատկինի, Ա. Արխիպովի, Լ. Պաստեռնակի և այլոց ղեկավարությամբ, Մ.Սարյանն անցավ բարձր վարպետության դպրոց: Իսկ վեջին տարվա ընթացքում` մասնագիտանալով Վ.Սերովի և Կ.Կորովինի հատուկ դասընթացներում նկարիչն ընդմիշտ պահպանեց իր պատկանելությունը ռուսական դպրոցի բարձրագույն ձեռքբերումներին՝ իր տաղանդի ուժով յուրովի զարգացնելով և հարստացնելով այն:
Այս տարիներին երիտասարդ Մ. Սարյանն աշխատել է հիմնականում դիմանկարի և բնանկարի ժանրում, պատկերել է իր ծննդավայրը՝ Սամբեկը և հարակից գյուղերը, իր ընտանիքի անդամներին և բարեկամներին: Գունային լուծումները այս աշխատանքներում կառուցվում են XIX դարավերջի գեղանկարչությանը բնորորշ լույսից ստվեր անցնող տաք և սառը տոների հարաբերությամբ: Գույնը դեռ չի օգտագործվում իր մաքուր տեսակով: Սպիտակը, դեղինը ներկապնակի վրա խառնվում են մոխրագույնի, դարչնագույնի, մուգ կանաչի հետ: Գունային այս գամման կտավին է հանձնում առարկայական աշխարհի բնորոշ ձևերի, ծավալների և ուրվագծերի նկարչի զննումն ու ուսումնասիրումը, և դեռևս զերծ է նրա անհատական վերաբերունքի, ներքին ապրումների արտահայտումից:
Բայց շատ շուտով Մ.Սարյանը զգաց այս պատկերման համակարգի փոփոխության կարիքը: Այցելությունը Հայաստան նրա համար շրջադարձային եղավ:
«Ճանապարհորդությունս Անդրկովկաս ինձ համար ցնցող իրադարձություն էր… Տպավորությունների, հույզերի, դեմքերի, դրվագների մեծ բազմազանությունը, որոնց կենտրոնն էր արդեն դարձել ինձ համար հին Հայաստանը…իմ առջև խնդիր դրեց գտնել զգացմունքներիս և ապրումներիս ինչ որ նոր փոխանցման միջոցներ: Իմ միջոցները դեռևս սահմանափակ էին, ես աստիճանաբար տիրապետում էի գեղանկարչության լեզվին; ներկապնակս դեռ դժգույն էր: Դպրոցը ինձ շատ բան տվեց, բայց իմ մեջ նոր-նոր սկսում էր ձևավորվել նկարիչը… Այս մեծ և դժվարին ճանապարհին ամենակարևոր ուղենիշն ու հիմքը ինձ համար դարձավ հարազատ Հայաստանը` իր անկրկնելի բնանապատկերներով և ժողովրդի կյանքի ողջ գունագեղությամբ», - խոստովանել է նկարիչը:
Սակայն անցումը դեպի գունամտածողություն դեռ ժամանակ էր պահանջում: Այն կատարվեց աստիճանաբար:

Հեռախոս՝
Էլ. փոստ՝
(374 10) 52 16 07
info@sarian.am