ԱՐԱՔՍԻ ՍԱՐՅԱՆ (ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ)
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր |
2013 թվականի սեպտեմբերի 26-ին, 76 տարեկանում կյանքից անժամանակ հեռացավ Մարտիրոս Սարյանի օջախը և նրա տան ավանդները սրբորեն պահպանող հարսը` Ղազարոս Սարյանի այրին՝ Արաքսի Սարյանը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանը (Հարությունյանը) ծնվել է 1937 թվականի օգոստոսի 17–ին, Լենինականում (այժմ Գյումրի)` մտավորականի ընտանիքում: Հայրը` Արծրուն Հարությունյանը, դերասան էր, Լենինականի թատրոնի հիմնադիրներից և երկարամյա տնօրենը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, մայրը` մանկավարժ:
Արաքսի Սարյանը սովորել է Լենինականի Ա. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում (ավարտել` մեդալով) և Կարա–Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում (գերազանց դիպլոմով): 1955 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ: Գերազանց թվանշաններով երկրորդ կուրս փոխադրվելուց հետո Արաքսին թողել է ինստիտուտը և 1956 թվականին ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատմա-տեսական բաժին:
1961 թ. կոնսերվատորիան ավարտելուց հետո դարձել ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ, ղեկավար ունենալով մեծանուն երաժշտագետ Ռ. Աթայանին: 1965 թվականին ավարտելով ասպիրանտական կրթությունը, որպես կրտսեր գիտաշխատող աշխատանքի է անցել նույն ինստիտուտում (1965-1968 թթ.): 1969 թվականին պաշտպանել է «Հայ քաղաքային ժողովրդական երգարվեստը» (19-20 դդ.) թեմայով ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական կոչում:
Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին միաժամանակ աշխատել է Երևանի Տ. Չուխաջյանի և Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցներում որպես տեսական առարկաների ուսուցչուհի, ինչպես նաև պետական ռադիոկոմիտեում որպես երաժշտական խմբագիր:
1968 թվականից մինչև կյանքի վերջ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Վարել է երաժշտության պատմության տարբեր դասընթացներ: 1995 թվականից եղել է երաժշտության պատմության ամբիոնի վարիչ: 1966 թվականից դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 2004-ից եղել է միության երաժշտագիտական սեկցիայի նախագահ: Արաքսի Սարյանի երաժշտագիտական գործունեությունը ծավալվել է տարբեր բնագավառներում. գիտական, մանկավարժական, լուսավորչական, հրապարակախոսական: Գիտական բազմաբնույթ զեկուցումներով հանդես է եկել տարբեր գիտաժողովներում, այդ թվում Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտի, Հայաստանի կոմպոզիտորների միության գիտաժողովներում, Հունաստանի Սալոնիկ քաղաքի համազգային բարեգործական միության հանդիսություններում և հանդիպումներում, 2003 թվականին Փարիզում Արևելյան լեզուների և մշակույթների ազգային ինստիտուտի (INALCO) կողմից կազմակերպված Գր. Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի 1000-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում` «Գրիգոր Նարեկացու երաժշտական տաղերի մոնոդիկ առանձնահատկությունները» թեմայով:
Երաժշտարվեստին նվիրված բազմաթիվ հոդվածներով Արաքսի Սարյանը հանդես է եկել միութենական և հանրապետական մամուլում, ամսագրերում, թերթերում: Համերգների ներածական խոսքով, մեկնաբանություններով հանդես է եկել տարբեր լսարաններում: Եղել է դպրոցականի ֆիլհարմոնիայի առաջին դասախոսներից: Ակտիվորեն մասնակցել է «Գիտելիք» ընկերության աշխատանքներին:
Արաքսի Սարյանի գործունեության բեղուն բնագավառներից են եղել ռադիո և հեռուստատեսային հաղորդումները: Հաճախ է հեռուստատեսությամբ վարել հայ, ռուսական, եվրոպական երաժշտությանը, տարբեր կատարողներին նվիրված հաղորդաշարեր, հանդես է եկել բազմաբնույթ ելույթներով:
Հայտնի և սիրված երաշտագետը մի շարք աշխատությունների, մենագրությունների, գրքերի հեղինակ, խմբագիր և թարգմանիչ էր:
1992 թվականին Մոսկվայի Բոհ-ը /Բարձրագույն որակավորման հանձնաժողովը/ Արաքսի Սարյանին արժանացրել է պրոֆեսորի գիտական կոչման, 2004 թվականից եղել է ՀՀ պետական մրցանակների երաժշտության ոլորտի նախագահ, 2008-ին ստացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում, 2011թվականին՝ ազգային ժողովի պատվավոր մեդալ, ունի այլ մեդալներ և շնորհակալագրեր::